Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով». Ֆելիքս Ցոլակյան

14:20, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով». Ֆելիքս Ցոլակյան

Հրդեհների աննախադեպ աճի և դրանց կանխարգելման վերաբերյալ MAMUL.am-ը զրույցել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«Լուրջ ու մասշտաբային հրդեհներ կանխեցինք։ Արայի լեռան հրդեհը ծավալվում էր դեպի Ապարանի, Հրազդանի ու Արագածոտնի անտառներ: Երեք ուղղությունն էլ փակել ենք: Փառք ու պատիվ հրշեջներին», - ասաց նախարարը:

Ըստ նրա՝ խոտածածկ տարածքների հրդեհների առատությունը չոռոգվելու հետևանք են: Այդպես էր Նորքի, Հաղթանակ զբոսայգու, Ծիծեռնակաբերդի հրդեհների դեպքերում:

«Ստիպված եղանք10 մեքենա դասավորել՝ հրդեհի՝ խիտ անտառ մուտքը փակելու համար: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որին պատկանում է Ծիծեռնակաբերդի 100 հա տարածքը, մարդկային ռեսուրս չունի ոռոգում իրականացնելու համար»:

Իսկ այն տեղերում, որտեղ չոռոգելը պարզապես աշխատանքային թերացում է եղել, այդ մասին բարձրաձայնելուց, հետո սկսել են ոռոգել:

Նախարարն իրենց գերխնդիրը համարեց տեխնիկայի պակասը:

«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով: Մեր նոր տեխնիկան լավն է, սակայն՝ քիչ: Օրինակ՝ շարժասանդուղքով հագեցած, ջրատար մեքենաները՝ հատկապես մեծ տարողության։ Երևանում ունենք 50 մետրանոց շարժասանդուղքով 1 մեքենա, այն կարող է հասնել 16-րդ հարկ, սակայն դա քիչ է: Վեգայի հրդեհի ժամանակ աշխատում էր 22 անուն տեխնիկա: Եթե միաժամանակ, այլ տարածքում ևս հրդեհ բռնկվեր, բարդություններ էինք ունենալու: Լուրջ խնդիր է նաև ջուրը: Եթե ջրին մոտ տեղ է լինում, փրկվում ենք։ «Ձյունիկ»-ի հրդեհի ժամանակ քաղաքապետարանի ջրատարներով էինք ջուր բերում: Մի քանի րոպեից ջուրը սպառվում էր, հետո էլ մարդիկ ասում են՝ վայ, եկել էին ու ջուր չունեին»,-պարզաբանեց նախարարը:

Նախարարի հավաստմամբ, նոյեմբերին կստանան ճապոնական մեքենաներ: Դա որոշ չափով կբարելավի վիճակը, սակայն այդ տեխնիկան տրամադրելու պայմանն այն է, որ պետք է տրվի Շիրակ, Լոռի և Սյունիք մարզերին:

Նախարարի գնահատմամբ՝ առավել անընդունելի է, որ հրդեհի ժամանակ չեն աշխատում հիդրանտները, որի մասին տեղեկացվել է վարչապետին․ «․․․լսեց, հասկացավ․․․, ինչ կլինի հետո՝ չգիտեմ»։
     Նա հավելեց նաև, որ մտադիր են օպտիմալացնել կադրային քաղաքականությունը, իսկ հատուկ նշանակության փրկարարների թիվը 90-ից հասցնել 200-ի, որոնք ի վիճակի են ամենաբարդ գործողությունները կատարել. օրինակ՝ փրկել 20-րդ հարկում ապրողին:

Ինչի՞ են հանգեցնում քաղաքաշինական սխալները

Ֆելիքս Ցոլակյանի գնահատմամբ՝ փրկարարների համար մի առանձին գլխացավանք են քաղաքաշինական սխալները: Շենքերը կառուցվել են շինարարական նորմերի խախտումներով, կամ դրանցում անթույլատելի փոփոխություններ են արվել: Ընդ որում՝ խախտումներ կան ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ նոր կառուցված շենքերի պարագայում: Շատ հաճախ, բնակիչներն արգելապատնեշով փակում են շենք տանող ճանապարհը՝ առանց մտածելու, որ առաջին հերթին իրենց են վնասում: Պատահարի ժամանակ մեքենան չի կարողանում մոտենալ:

«Շենքերը պետք է այնպես կառուցվեն, որ ներսից հակահրդեհային պաշտպանության միջոցներ ունենան, որպեսզի ինքնամարում տեղի ունենա: Երևանում տեղեր կան, որ եթե մի դեպք եղավ, հազար մարդ է տուժելու, օրինակ՝ Խորենացու փողոցի ոսկու շուկան: Այն պատահարի դեպքում տարհանման դուռ չունի»,-նախազգուշացրեց ԱԻ նախարարը:

Պատկերն ավելի ամբողջական են դարձնում երևանյան խցանումները: Երբեմն վարորդները ազդանշանային համակարգը միացրած հրշեջ ու ՇՕ մեքենաներին ճանապարհ չեն տալիս:

«Հետո էլ ասում են՝ հրշեջներն ուշացան: Կառավարության նիստերից մեկի ժամանակ առաջարկել եմ մի առանձին ճանապարհ թողնել միայն հրշեջ ու ՇՕ մեքենաների համար: Դեռ արձագանք չեմ ստացել»:

Կառավարության նիստերից մեկում ուշադրություն էր հրավիրվել Նորագավիթի մաքսատան հրդեհային անվտանգության վրա: Մեր այն հարցին, թե ի՞նչ է փոխվել դրանից հետո, Ֆ. Ցոլակյանն ասաց, որ դեռ փոփոխություն չկա, սակայն մաքսատունը Գյումրի տեղափոխելուց հետո այդ վտանգից կազատվենք:

Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրը, հայտարարվեց, որ կառավարությունը մտադիր է բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ եթե չլինեին վերջին պատահարները, կառավարությունը չէր գնա աշխատավարձերի բարձրացման քայլին, Ֆ. Ցոլակյանն ասաց, որ կառավարության առջև նման պահանջ դրել է նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից:

«Մարդը 85 հազար դրամի համար գնում-մտնում է կրակի մեջ: Այդպես չպետք է լինի»,-ասաց նախարարը:

Թե որչափով կլինի բարձրացումը, Ֆ. Ցոլակյանը խուսափեց կոնկրետ թիվ նշել:

Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ում փրկարարը ստանում է 630 դոլարին համարժեք ռուսական ռուբլի, Վրաստանում՝ 750 լարի՝ մոտ 292 դոլար, իսկ զարգացած երկրներում փրկարարի ամսական աշխատավարձը հասնում է 5 հազար դոլարի:

Եվ վերջում՝ մեկ թվային տվյալ: Կանխամտածված հրդեհների փաստերով հարուցված քրեական գործերի թիվը հասել է 6-ի:

4300 | 0
Facebook