Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Հրատապ լուրեր

Բաց նամակ

ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիայի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

19:05, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիայի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիան բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն Վարչապետ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվեց 64 մլն դրամի փոխհատուցման վճար՝ փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք կօգտագործեն ավելի շատ ջուր: Ըստ էության` ներկայացվեց, որ «այդ քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը»:

Հարգելի պարոն Վարչապետ, այն ոչ թե փոքր ՀԷԿ-երի շահագործման կարգավորում է, այլ՝ ուղիղ հարված երկրի էներգետիկ համակարգին, պետությանն ու անկախությանը, տնտեսությանն ու անվտանգությանը, քանի որ նման քայլով ոչ թե երկրում իրականացվում են արդյունավետ բարեփոխումներ և ոչ թե կանոնակարգվում է ջրային ոլորտը, այլ այն կարող է ի սպառ վերացնել երկրում կայացած բացառիկ ինստիտուտներից մեկի՝ փոքր հիդրոկայանների գոյությունը, որոնք մեր պետության համար ունեն խիստ ռազմավարական կարևորագույն նշանակություն: Այոʹ, ջրագողության դեմ պետք է պայքարել ամենայն խստությամբ՝ պատասխանատվության ենթարկելով բոլոր անօրինական դրսևորումները: Սակայն այն, որը կոչված է ծառայելու երկրի բարօրությանն ու զարգացմանը, պետք է ընդունել և կյանքի կոչել: Չէ, որ գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում գետերը հիմնականում հալոցքային են, ինչը նշանակում է, որ գարնան ժամանակ երկրի, հատկապես՝ սահմանամերձ շրջանի գետերում նկատվում է ջրերի մեծ հոսք, ինչը ձեռնտու և նպաստավոր է երկրի տնտեսության զարգացման համար: Ունենալով ավելի շատ արտադրանք՝ հիդրոկայանները կարող են պետությանը տալ ավելի շատ էլեկտրաէներգիա և հարկ, ապահովել ավելի շատ աշխատատեղեր, ի վերջո, երկրի համար ապահովել անվտանգ և մաքուր էներգետիկայով՝ որևէ ձևով չվնասելով բնությունն ու շրջակա միջավայրի գործունեությունը:
     Հակառակ դեպքում այդ ջրերի մեծ մասը, արդյունավետ չօգտագործելով, հոսում է կա՛մ Թուրքիայի, կա՛մ էլ Ադրբեջանի տարածք՝ նպաստելով մեր հակառակորդ երկրների կենցաղի և տնտեսության բարգավաճմանը:

Ինչո՞ւ նույն լիազորված մարմին հանդիցացող ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, չհիմնվելով իրապես մասնագիտական և փորձագիտական լուրջ հետազոտությունների վրա և ճկուն մեխանիզմներ չկիրառելով, չի սահմանում ջրերի կառավարման ամենօրյա հստակ և արդյունավետ թվային ռեժիմներ (իսկ այն հնարավոր է, եթե իրականում կատարվեն բոլոր գետերի անհատական և ամբողջական ուսումնասիրություններ, այլ ոչ թե…), որոնցով էլ պետք է կարգավորվեն ջրերի օգտագործման հարաբերությունները: Արդյունքում առանց մանրամասն ուսումնասիրություններ կատարելու և քննարկումներ անցկացնելու, առանց ջրային, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտների շահագրգիռ կողմերի մասնակցության և, ի վերջո, առանց հավաքական փորձագիտական և մասնագիտական եզրակացությունների որոշվում են սահմանաչափեր՝ կտրուկ հարվածելով Հայաստանում բիզնեսին և ներդրումներին: Եվ ո՞վ այսքանից հետո կիրականացնի ներդրումներ այն պարագայում, երբ իր բոլոր կատարած հաշվարկներն ու միջոցները ոչ միայն գտնվում են մեծ ռիսկերի գոտում, այլ նաև՝ անմիջականորեն հայտնվում են ի սպառ վերանալու հարվածի ներքո:

Եվ ինչո՞ւ այսօր, օրինակ, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, չի իրականացնում, մասնավորապես՝ Եղեգիս գետի վրա էներգետիկ նպատակով տարեկան 126.1 մլն մ3 ջրառի ապահովումը (ինչը սահմանված է 31 մարտի 2016 թվականի N 338-Ն ՀՀ կառավարության Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների որոշմամբ)` այլ ապահովելով դրա միայն 30-40%-ը. փոխարենը միայն ՀԷԿ-երի համար սահմանվում են ահռելի չափերի հասնող տուգանքներ, որոնք տվյալ դեպքում օրինաչափ չեն և ոչ էլ նպաստավոր, և կարող են վկայել միտումնավորության և հստակ թիրախավորության մասին:

ՀԱՐՑ - Մեր երկրի համար այս ամենը պե՞տք չի. ավելի շատ մաքուր էլեկտրաէներգիա, հարկային մուտքեր, աշխատատեղեր և ներդրումներ պե՞տք չեն: Այդ բարիքը մեզ պե՞տք չի: Եթե պետք չեն, ապա նման քայլը միանշանակ կարելի է որակել որպես հիանալի որոշում: : Փոխարենն այսօր փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գործնականում ամենաթափանցիկն է, հարկային մուտքերը՝ ամենահաստատունը: Եվ ինչո՞ւ են հարկային մարմիններից պարբերաբար զանգահարում և խնդրում փոքր հիդրոկայաններին հնարավորության դեպքում հարկը մարել նաև ոչ միայն ընթացիկ, որը մեծապես պատշաճ մակարդակով իրականացվում է, այլ նաև հաջորդ ամիսների համար՝ ընդգծելով վերջիններիս պարտաճանաչության և կարևորության մասին: Իսկ նման տենդենցի առկայության դեպքում և հաջորդաբար կրկնվելու պարագայում, կարծում ենք, պատկերը, ցավոք, դրական չի լինի:

ՀԱՐՑ - Ինչո՞ւ ջրային ոլորտի ամենախնդրահարույց հատվածի՝ ոռոգման համակարգում նման սահմանափակումներ և տուգանքներ չեն սահմանվում՝ մասնավորապես ՋՕԸ-երի նկատմամբ, որոնց կատարյալ և համատարած անգործության ու չարաշահումների արդյունքում այսօր Հայաստանում ջրային համակարգերը հայտնվել է պարալիզացման շեմին: Սա ևս մեկ առիթ է, որը կարող է հստակ վկայակոչել այն մասին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում փոքր հիդրոէներգետիկան խիստ թիրախավորված է: Ոչ միայն չունենալով զարգացման համար որևէ խթանիչ միջոցներ ու պայմաններ և մշտապես ենթարկվելով ճնշումների և հարվածների, ստեղծված իրավիճակն այս ճյուղին սպառնում է խորը ռեցեսիայով՝ դեպի հետզարգացում, հնարավոր է նաև՝ դեպի խորը ճգնաժամի հաստատում, ինչը, միանշանակ, ուղիղ հարված է մեր պետության ազգային անվտանգությանը:

Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում վերականգնվող էներգետիկան համարվում է պետության ռազմավարական զարգացման լոկոմոտիվը, որը, ըստ էության, երկրի էներգետիկ անվտանգության, անկախության և ապահովման հիմնական գրավականն է: Երկրի արդյունաբերության և ընդհանուր տնտեսության ապագայի տեսլականը հենց այս հիմնարար ճյուղի առաջխաղացման հետ են կապում, այդ թվում նաև մեր հարևան երկիր Վրաստանը, որը վերջին 10 տարիների ընթացքում էլեկտրաէներգիա ներկրողի երկրից փաստացի անցում կատարեց էլեկտրաէներգիա արտահանող երկրի, և այն իրականացվեց հենց հիդրոէներգետիկայի՝ մեծապես փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի արդյունավետ և շահավետ զարգացման արդյունքում՝ տարեկան միջինը կառուցելով մոտ 50 փոքր հիդրոկայան՝ ապահովելով դեպի պետական գանձապետարան հսկայական պետական հարկային մուտքեր, նորանոր աշխատատեղեր և ներդրումներ: Գաղտնիք չէ, որ այսօր, տեսնելով ներդրումների համար այդ բարենպաստ իրավիճակը, շատ հայ գործարարներ նույնպես ներդրումներ են կատարում ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի փոքր հիդրոէներգետիկայի ոլորտ՝ խթանելով այդ երկրի տնտեսությունը: Փոխարենը, որպես արձանագրություն, փոքր հիդրոէներգետիկան Հայաստանում սկսել է զարգանել շատ ավելի վաղ՝ դնելով տնտեսության զարգացման ինդուստրիալ այս ճյուղի համար հսկայական մեծ նախադրյալներ՝ ապահովելով ընդհանուր մոտ 365 ՄԳ հզորությամբ տարեկան մոտ 1 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, այսինքն՝ ապահովելով երկրի էներգետիկ պահանջարկի ներքին սպառման մոտ 20%-ը, ինչն այսօր խիստ վտանգված է: Եվ ինչո՞ւ այսօր որևէ մեկը չի նշում, որ հենց այդ փոքր հիդրոէլեկտակայանների արտադրած անհրաժեշտ էլեկտրաէներգիայի շնորհիվ ամիսներ առաջ հնարավոր եղավ խուսափել երկրում էներգետիկ կոլապսից (Break Out). որոնց արտադրանքի շնորհիվ բնակչությունը զերծ մնաց անոմալ իրավիճակում հայտնվելու ամենաանմիջական վտանգից, իսկ տնտեսությունը՝ խորը ճգնաժամից:

Հարգելի պարոն Վարչապետ,

Մեր երկրում անհրաժեշտ են խորը և իրապես արդյունավետ բարեփոխումներ, սակայն նման ճանապարհով՝ բիզնեսի և ներդրումների շահերին հարվածելով և խորը ճգնաժամային ֆոն առաջացնելով՝ հնարավոր չի լինի արձանագրել ցանկալի արդյունք:

Լիահույս ենք, որ ցանկացած պարագայում լրջագույն բարեփոխումները չեն կարող ի կատար դառնալ առանց ոլորտի զարգացման դերակատարների կարծիքներն ու շահերը հաշվի առնելու, առանց փորձի ու փոխադարձ շահավետ համագործակցության եզրեր գտնելու: Իսկ նման որոշումները, վստահեցնում ենք, որևէ հավատ չեն ներշնչում»:

| | |
2178 | 0
Facebook
COMMENT.am