Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Բաց նամակ

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ

16:30, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«Երեկ, սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։

Սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները:

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ:

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին»։

| | |
1314 | 0
Facebook
COMMENT.am