Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի կունենա «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումը

09:05, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Տեղի կունենա «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումը

Սեպտեմբերի 17-ից 27-ը Տավուշում անց է կացվելու «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումը։

Աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ, Հայաստանը ներկայացնող նկարիչների հետ համատեղ բնակվելու և ստեղծագործելու են Հաղարծնի «Վանատուն» հյուրանոցում։

Սիմպոզիումի գաղափարը ենթադրում է տարբեր մշակույթներ և նկարչական արվեստի ժանրեր ներկայացնող նկարիչների համատեղ շփում, հմտությունների փոխանցումը և կուտակած հարուստ փորձի փոխանակումը։

Իրենց երկրներում մեծ համբավ վայելող նկարիչները նաեւ հյուրընկալվելու են մարզի մշակութային կրթօջախներին, անց են կացնելու վարպետության դասեր, իրենց խորհուրդներով և փորձով օժանդակելու են ստեղծագործող երիտասարդներին։

Չի կարելի թերագնահատել նաև սիմպոզիումի զբոսաշրջային նշանակությունը։ Հայաստան ժամանած հյուրերը սիմպոզիումի պաշտոնական բացմանը նախորդող օրը շրջելու են Երևանի թանգարաններում, հյուրասիրվելու են մայրաքաղաքի լավագույն ռեստորաններում։

Հատկապես մեծ տեղ են գրավելու Հայաստանի մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն ուղղված միջոցառումները։ Սիմպոզիումի ծրագիրը նաև հնարավորություն է տալու մեր հյուրերին շրջագայելու Տավուշի մարզի լավագույն տուրիստական կենտրոններով։

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` ժամը 13։00-ին, «Հաղարծին» վանական համալիրի տարածքում, որին ներկա կլինեն Տավուշի մարզի ղեկավարությունը, բազմաթիվ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, բարձրաստիճամ այլ հյուրեր։

Միջոցառման փակումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին, ժամը 14։00, Իջևան քաղաքի «Վերնատուն» պատկերասրահում, սիմպոզիումի ընթացքում ստեղծված գեղանկարների ցուցահանդեսով։

Միջոցառումը կազմակերպում են «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը:

2734 | 0
Facebook