Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՍԴ-ն այս որոշմամբ փաստել է, որ կա շատ մեծ բաց Քրեական դատավարության օրենսգրքում». Արփինե Հովհաննիսյան

00:30, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
«ՍԴ-ն այս որոշմամբ փաստել է, որ կա շատ մեծ բաց Քրեական դատավարության օրենսգրքում». Արփինե Հովհաննիսյան

«Սահմանադրական դատարանն այս որոշմամբ, ըստ էության փաստել է, որ կա շատ մեծ բաց քրեական դատավարության օրենսգրքում, և այդ բացը ուղղակիորեն ազդում է մարդու իրավունքների վրա: Այսինքն՝ ՍԴ-ն որոշակի առումով պատասխանել է այն քննադատություններին, որ ուղղվում են առ իրեն, թե ինչպես կարող է ՍԴ-ն հակասահամանադրական ճանաչել օրենքի բացը»,- այսօր «Կենտրոն» հ/ը-ի եթերում անրադառնալով ՍԴ-ի՝ սեպտեմբերի 6-ին հրապարակած՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշմանն՝ ասել է ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն օրենսգրքերում բոլոր բացերին չէ, որ անդրադառնում է, միայն այն բացերին, որոնք ուղղակիորեն ազդում են անձի իրավունքների վրա:

«Այս դեպքում ՍԴ-ն փաստել է, որ քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, սա նշանակում է՝ եթե կա մի հանգամանք, մի երևույթ որն առկա է, դու չես կարող անձի նկատմամբ հետապնդում իրականացնել: Հիմա ՍԴ-ն ասում է՝ անձի ազատության և իրավունքների վրա ուղղակիորեն ազդում է, երբ այդտեղ նշված չէ գործառութային անձեռնմխելիությունը: Սա նշանակում է, որ նախագահները, պատգամավորները և այլ անձինք, սովորաբար, ունենում են գործառութային և անձնական անձեռնմխելիություն»,- եթերի ժամանակ ասել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե ի՞նչ պետք է արվի ՍԴ-ի վերոնշյալ որոշումից հետո, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ անհապաղ կերպով պետք է Առաջին ատյանի դատարանն առաջին հերթին այս որոշման շրջանակներում քննարկի կալանքի հարցի հետ կապված՝ արդյոք անձը կատարել է իր գործառութային անձեռնմխելիությամբ ծածկված՝ իր կարգավիճակից բխող գործողություններ, թե՝ ոչ: Դատարանը ՍԴ-ի որոշման հիման վրա նաև պիտի պատասխան տա հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք բխում են իր կարգավիճակից»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ «Կենտրոն» հ/ը-ի
5675 | 1
Facebook