Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Միասին նույն նպատակներն ունենք»․ Մխիթարյան

00:25, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
«Միասին նույն նպատակներն ունենք»․ Մխիթարյան

Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «Ռոմա» տեղափոխվելուց հետո, այսօր միացել է ազգային հավաքականին՝ նախապատրաստվելով Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղերին: ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում նա մեկնաբանել է «Ռոմա» տեղափոխությունը և խոսել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներից իր ակնկալիքներից։

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին: Խոսելով ակումբի ղեկավարության հետ՝ հասկացա, որ թիմի առաջ մեծ նպատակներ են դրված. որ մրցաշրջանն ավարտեն Չեմպիոնների լիգայի գոտում, կարողանան պայքարել Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար, ինչպես նաև Իտալիայի գավաթի համար: Որքան տեղյակ եմ՝ թիմը նոր մարզիչ ունի և շատ նոր ֆուտբոլիստներ, ինչը, կարող եմ ասել, լավ կլինի նաև ինձ համար, քանի որ թիմը նոր է սկսում ձևավորվել, ու ես էլ կկարողանամ իմ ներդրումն ունենալ:

Խոսել եմ «Ռոմա»-ի աշխատակիցների հետ, հիշեցրել եմ, որ խաղացել եմ իրենց դեմ: Չեմ հիշում՝ 2010, թե՞ 2011 թվականին էր: Ինչ վերաբերում է մարզչին՝ աշխատել է «Շախտյոր»-ում: Մի քանի հանդիպման հետևել եմ: Ճիշտ է՝ շատ ժամանակ չի եղել, որ բոլոր հանդիպումները դիտեմ, բայց ինչքան որ տեղյակ եմ՝ հարձակվողական ֆուտբոլ է դավանում և փորձելու է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Դեռ անձնական շփում չի եղել, հեռախոսազրույց ենք ունեցել: Ակնկալիքները մեծ են, և կարծում եմ, որ միասին նույն նպատակներն ունենք: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ օգնեմ ակումբին, և հուսով եմ, որ մարզիչն ինձ կօգնի՝ իմ լավագույն որակները դրսևորել:

Տեղյակ եմ, որ Իտալիայի հետ հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր կլինեն խաղադաշտում: Հույս ունենք լավ հանդես գալ, լավ արդյունքի հասնել, չնայած, որ մրցակիցը հեշտ չէ, ու հեշտ խաղ չի սպասվում: Ինչ վերաբերում է Բոսնիայի հետ խաղին՝ հույս ունեմ, որ նաև այդ խաղում կկարողանանք լավ արդյունքի հասնել և կկարողանանք բոլորին ապացուցել, որ հնարավորություններ ունենք դուրս գալու Եվրոյին»:

3609 | 0
Facebook