Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «անգամ» և «բազմիցս» բառերի գործածության մասին

20:25, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «անգամ» և «բազմիցս» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «ԲԱԶՄԻՑՍ, ԿՐԿԻՆ...

Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք կարդում ու լսում՝ «բազմիցս անգամ ասել եմ, բազմիցս անգամ գրել ենք...»:
     Իսկ ի՞նչն է սխալ։
     Խնդիրը նշված «անգամ» և «բազմիցս» բառերի միասին գործածությունն է։
     Հայերենի -իցս ածանցն ունի անգամ-ի իմաստը։ Երկիցս, երիցս, բազմիցս, քանիցս բառերն արդեն իսկ նշանակում են «երկու անգամ», «երեք անգամ», «բազում անգամ», «(մի) քանի անգամ»։ Ի դեպ, գրաբարում կան նաև չորիցս ձևը, որ նշանակում է «չորս անգամ», հնգիցս և այլն։
     Հասկանալի է, որ այս բառերի հետ անգամ-ի գործածությունը ավելորդ է, սխալ։
     Ընդ որում` անհարկի գործածվող այս «անգամ»-ը երբեմն «կպչում է» նաև «կրկնակի» բառին՝ կազմելով «կրկնակի անգամ» բառակապակցությունը։ Օրինակներ մամուլից.
     «Փարիզում կրկնակի անգամ հնչել է հայկական օրհներգը».
     «Կրկնակի անգամ կրճատվել են խեցգետնի պաշարները»։
     Այլ հարց է, երբ անգամ-ը գործածվում է «բազում» բառի հետ։ Տվյալ դեպքում սխալ չկա, որովհետև բազում-ը նշանակում է «շատ, բազմաթիվ», այլ ոչ շատ անգամ, բազմաթիվ անգամ։ Այս պատճառով էլ նրա հետ անգամ-ը կարող է գործածվել, և ճիշտ է «բազում անգամ» արտահայտությունը։ Օրինակներ.
     «Հրատարակվել է բազում անգամ».
     «Բազում անգամ փորձարկվել է»։
     Հիշենք՝ ասում ու հորդորում են ոչ թե երկիցս անգամ, երիցս անգամ, բազմիցս անգամ, քանիցս անգամ, այլ ԵՐԿԻՑՍ, ԵՐԻՑՍ, ԲԱԶՄԻՑՍ, ՔԱՆԻՑՍ։
     Ճիշտ է ասել, օրինակ՝
     Կրկնակի աճել է.
     Կրկնակի գերազանցում է.
     Բազում անգամ հաղթել է։
     Սխալ է՝ «կրկնակի անգամ աճել է, կրկնակի անգամ գերազանցում է»։
     Երբեմն հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք «անգամ»-ը գործածվել հոգնակի թվով, երբ, մասնավորապես, գործածվում է «բազմաթիվ» բառի հետ։ Օրինակ՝ «Բարձրաձայնել ենք բազմաթիվ անգամներ», «Զգուշացվել է շատ անգամներ»։
     Այս ձևը գործածական է վաղուց։ Բերենք օրինակներ.
     «Ղազար Փարպեցին.... ունի բազմաթիվ անգամներ Մեսրոպ, Մեսբովպ....» (Կորյուն)։
     «Տառապանքի ուղիներում շատ բան տեսած ու ապրած, բազմաթիվ անգամներ դառնապես խոցոտված....» (Վ. Թոթովենց)։
     «....վերասլացումներն ունեցած ազգերը, որ բազմաթիվ անգամներ վկայել էին....» (Հ. Մաթևոսյան)։
     Թեև տվյալ դեպքում մենք հակված ենք եզակի թվով տարբերակը գործածելուն, այսուհանդերձ, ինչպես տեսնում ենք, սրանք զուգաձևություն են, և յուրաքանչյուր հեղինակ ինքն է որոշում, թե ո՛րը նախընտրի, որի՛ն տա նախապատվություն»։

| | |
1423 | 0
Facebook