Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրանց բոլորին պետք է ուղարկել բանտ՝ իրենց տուն». գործադիրը հավանություն տվեց «օրենքով գողերին» վերաբերող նախագծին

14:25, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
«Նրանց բոլորին պետք է ուղարկել բանտ՝ իրենց տուն». գործադիրը հավանություն տվեց «օրենքով գողերին» վերաբերող նախագծին

Գործադիրն այսօր հավանություն տվեց «օրենքով գողերին» վերաբերող «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին:

«Խոսքն, այսպես կոչված, «օրենքով գողերի», «աբշյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրինագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը և հետևաբար՝ նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշեց՝ որպեսզի տարընկալում չառաջանա, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել.

ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար.

բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.

գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.

դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

10385 | 0
Facebook