Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Դուք ժամանակ ունեք. հիշե՛ք՝ Հայրենիքից վեր Աստված է միայն». Մարի Բարսեղյան-Խանջյան

15:35, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
«Դուք ժամանակ ունեք. հիշե՛ք՝ Հայրենիքից վեր Աստված է միայն». Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետին. «Պարո՛ն վարչապետ, ես մի քանի հոդվածներով, որպես բաց նամակ, դիմել եմ Ձեզ դեռևս հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին՝ հույսով, որ Դուք Ձեր ժողովրդի ձայնը կլսեք, բայց...

Սկսենք այնտեղից, որ Դուք վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո կադրային թյուր քաղաքականություն սկսեցիք (այդ մասին էլ եմ գրել). ընտրեցիք «հընդրուշքից»-այսինքն՝ լավը ընտրելուց հետո մնացած այն փուչ ու կոտրած լոբի-ձավարից, մինչդեռ Հայաստանում կան բավարարից էլ շատ խիղճն ու ձեռքերը մաքուր լավ մասնագետներ, որոնք նպատակային ձևով անտեսված և մեկուսացված են եղել նախկինների կողմից: Այդ մասնագետների՝ քաղաքագետների, տնտեսագետների, դիվանագետների, կառավարման մասնագետների, կրթության, գիտության և մշակույթի բնագավառի ակնառու և ազգանվեր մարդկանց կարիքը մենք ունեինք, և նրանք, որ չէին աղտոտել իրենց կենսագրությունը նախկինների շահերին ծառայելով, հեղափոխությանը ցնծությամբ մասնակցեցին:

Հեղափոխության հաղթանակից հետո Դուք ինքներդ պիտի նրանց անձամբ հրավիրեիք և, այո՛, խնդրեիք, որ նրանք՝ Հայաստանում կամ Հայաստանից դուրս ապրող մեր լավագույն և ազնիվ, մեր երկրի ու ժողովրդի ներկայով մտահոգ և ապագան դեպի լավը տանող ծրագրեր ունեցող մասնագետները, մեր հեղափոխությունից հետո Ձեր և մեր ժողովրդի կողքին կանգնեին: Դուք բաց եք թողել հեղափոխության առաջին ամիսներին ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունը, և այն մարդիկ, ովքեր պաշտպանել էին Հեղափոխությունն ու Ձեզ և պատրաստակամ էին իրենց մասնագիտական ներուժը ծառայեցնելու մեր երկրին ու ժողովրդին, անտեսվեցին նաև Ձեր կողմից: Ինչո՞ւ:

Մեր իմաստուն ժողովուրդն ասում է. «Կարևոր և դժվար գործ սկսելիս շուրջդ հավաքիր քո խելքին հավասար, քեզնից էլ խելացի մարդկանց, թե չէ քեզնից պակաս խելք ունեցողներն անընդհատ քեզ կքծնեն ու կգովեն, թե դու շատ խելացի ես, որպեսզի կողքիդ մնան ու գործ ունենան: Իսկ երբ տապալվի գործը, մեղավորն իրենք չեն լինի»:

Դուք ժամանակ ունեք բացթողումները վերացնելու և՛ կադրերի, և՛ Ամուլսարի հարցում ազգանպաստ որոշում կայացնելու:

Թող չթվա, թե ես հեղափոխությունից հետո եմ համարձակություն ձեռք բերել՝ ազատ և համարձակ գրելու, կամ Ձեզ քննադատում եմ՝ հօգուտ նախկինների: Իմ հոդվածները՝ սկսած 2011 թվականից, թերթերում և ՖԲ գրառումները՝ նախկին նախագահների, որջապետերի և նախարարների անօրինությունների դեմ այնքան խիստ ու անզիջում են եղել, որ իմ ընկերներն զգուշացնում էին ինձ նրանց հաշվեհարդարից… այդ հոդվածներն առկա են և կվկայեն իմ խոսքերը:

Պարո՛ն վարչապետ, Ամուլսարի շահագործումը կավելացնի Հայաստանի բնության մարմնի վրա եղած բաց վերքերը, ու մենք, հեղափոխությունից հետո փոխանակ այն հին հանքերն էլ կարգի բերեինք, նոր վերք ենք բացում մեր երկրի մարմնի վրա, որն այդպես արյունածոր կթողնեն շահառուները ու կհեռանան՝ թողնելով մեզ ավերված ու հիվանդ բնություն, հետևաբար և հիվանդ ժողովուրդ: Արժե՞ արդյոք մի երկու հազար ժամանակավոր աշխատատեղի համար մեր երկրին ու բնությանը, մեր ժողովրդին անդառնալի վնաս հասցնել այն բանի համար, որ մեր ոսկուն տեր պիտի դառնան օտար պետությունները, գուցե՝ մեկ պետություն:

Ինչո՞ւ ականջալուր չեք մեր ժողովրդի պահանջին: Մեր ժողովուրդն է Ձեզ բարձրացրել Վեր՝ վարչապետի՝ գրեթե անսահմանափակ լիազորություններով, որպեսզի մեր երկիրը մենք երկիր դարձնենք: Դուք էլ երդվեցիք դա իրականացնել:

Ի դեպ, թյուր լուրեր են տարածվում, թե իբր բողոքի այս ցույցերը կազմակերպում են նախկին իշխանությունները անձամբ Ձե՛ր դեմ: Իհարկե, դա իրականության խեղաթյուրում է. ցույցերին մասնակցող որոշ նախկին պաշտոնյաներ, եթե դեմ լինեին Ամուլսարի հանքի շահագործմանը, պայմանագրի կնքման ժամանակ կարող էին եթե ոչ բացահայտ, գոնե թե միջնորդավորված՝ ՀԿ-ների միջոցով աղմուկ բարձրացնել: Բայց դա չեն արել: Պարզ է. ուրեմն լռելու համար բան են ստացել:

Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա սրտացավության նոպայի մեջ ընկել: Դարձյալ պարզ է. հրանգ կա՝ վարձատրությամբ, որպեսզ նրանք խանգարեն այդ Դարի գործարքի կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը: Սա ավելի հավանական է, համաձայն չե՞ք:

Խոսքս երկարեց...Դուք ժամանակ ունեք. հիշե՛ք՝ Հայրենիքից վեր Աստված է միայն... Հայրենիք և Աստված:

Մնացածը ձեռքբերովի է, որովհետև նյութ է»:

Գրող, հրապարակախոս՝ Մարի Բարսեղյան-Խանջյան

6971 | 0
Facebook