Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ». Արմեն Ավետիսյան

23:15, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
«ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ». Արմեն Ավետիսյան

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Հարգելի համալսարանականներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը, չկարողանալով հաշտվել այն մտքի հետ, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաքելությունը աշխատողների շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե ԵՊՀ կառավարման մարմինների և իր վիճահարույց որոշումներին հավանություն տալը, օրերս ինձ գրավոր տեղեկացրել է, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ից միակողմանի խզել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:
     Այս քայլին նախորդել էր ԵՊՀ արհկոմիտեի որոշումը, որով մենք հայտնել էինք անհամաձայնություն ռեկտորի ԺՊ-ի նախաձեռնությամբ թվով 29 աշխատողի աշխատանքից ազատելու վերաբերյալ (Հաշվապահության և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի բոլոր աշխատողների, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության 3 աշխատողների): Օրեր անց ռեկտորի ԺՊ-ն կրկին դիմել էր ԵՊՀ արհեստակցական կազմակերպությանը՝ առաջարկելով տալ համաձայնություն, և սպառնացել, որ հակառակ դեպքում կվերանայի ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագիրը: Արհեստակցական կազմակերպությունը տեղի չտվեց այդ վերջնագրին, ինչի շնորհիվ աշխատողների աշխատանքից ազատելու գործընթացը կասեցվեց և մարդիկ պահպանեցին իրենց աշխատատեղերը:
     Կցանկանայի հիշեցնել, որ դեռևս 2015 թվականից գործող Կոլեկտիվ պայմանագիրը հավանության էր արժանացել բոլոր ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովներում, որից հետո այն երկարաձգվել էր մինչև 2021 թվականի մայիսի 20-ը: Կոլեկտիվ պայմանագրի կողմ են հանդիսանում ԵՊՀ բոլոր աշխատողները և այն ապահովում է հավելյալ սոցիալական և իրավական երաշխիքներ:
     Ռեկտորի ԺՊ-ի կողմից նման կտրուկ, չհիմնավորված, միակողմանի և կամայական որոշումը չի տեղավորվում սոցիալական գործընկերության, ներբուհական որոշումների կայացման ժողովրդավարական մթնոլորտի և կոլեգիալ կառավարման տրամաբանության շրջանակներում, կոպտորեն ոտնահարում է Կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի իրավունքները և սոցիալական շահերը:

Այդուհանդերձ, հարց կարող է առաջանալ, թե որն է ռեկտորի ԺՊ-ի այդ քայլի դրդապատճառը: Ըստ երևույթին, մենք գործ ունենք հետևյալ իրողությունների հետ.
     1. Ի ցույց դնել համալսարանականներին, որ իր (ռեկտորի ԺՊ-ի) կամայական որոշումները չսատարող անձինք չեն կարող համալսարանում հանգիստ գործունեություն ծավալել, և միաժամանակ թույլ չտալ այլակարծության դրսևորման ցանկացած նախադեպ համալսարանում:
     2. Վերացնել իր նախաձեռնությամբ ցանկացած աշխատողին աշխատանքից ազատելու էական խոչընդոտ հանդիսացող Կոլեկտիվ պայմանագրով սահմանված համապատասխան դրույթը (գործատուն իր նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ պետք է ստանա արհմիության գրավոր նախնական համաձայնությունը): Փաստորեն, պայմանագիրը լուծելուց հետո, ռեկտորի ԺՊ-ն առանց խոչընդոտի կարող է մարդկանց կամայական պատրվակով ազատել աշխատանքից:
     3. Էականորեն թուլացնել արհմիության դիրքերը, չեզոքացնելով այն գործիքակազմը, որով արհմիությունը պաշտպանում է ԵՊՀ աշխատողների իրավունքները և սոցիալական շահերը, որի վառ ապացույցն այն է, որ ԵՊՀ 29 աշխատող այս պահին պահպանեցին իրենց աշխատատեղերը և արժանապատվորեն աշխատում են:

Այսպիսով, ռեկտորի ԺՊ-ի կողմից նախաձեռնած այս ապակառուցողական գործընթացը պետք է կասեցվի, հակառակ դեպքում նոյեմբերի 25-ին Կոլեկտիվ պայմանագրի լուծումից հետո ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ԵՊՀ արհմիությունը բացի բարձրաձայնելուց ուրիշ որևէ արդյունավետ գործողություն չի կարողանալու իրականացնել գործատուի հնարավոր ապօրինի քայլերի դեմ:
     ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջիկայում պատրաստվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում նախաձեռնել գործընթաց ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի անընդհատությունն ու շարունակականությունը ապահովելու նպատակով:

Հ.Գ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի գրություններն ու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի պատասխան գրությունները կարող եք կարդալ նշված հղումներով:
     1. http://www.ysu.am/tu/files/-Ռեկտորի-ԺՊ-գրություն-1.pdf
     2. http://www.ysu.am/…/files/-Ռեկտորի-ԺՊ-գրություն-2-156691448…
     3. http://www.ysu.am/tu/files/-Ռեկտորի-ԺՊ-գրություն-3.pdf
     4. http://www.ysu.am/tu/files/-1.pdf
     5. http://www.ysu.am/tu/files/-2.pdf

| | |
2185 | 0
Facebook
COMMENT.am