Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արսենի համար միակ խնդիրն այն է, որ նա իմ որդին է»․ Լևոն Ջուլֆալակյան

16:50, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
«Արսենի համար միակ խնդիրն այն է, որ նա իմ որդին է»․ Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այսօր հրաժարական տվեց։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ որոշման պատճառներին, ինչպես նաև բացեց Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև եղած կոնֆլիկտի փակագծերը․ «Ինձ համար նշանակություն չունեն անուն, ազգանուն, հայրանունը։ Արսենի համար միակ խնդիրն այն է, որ նա իմ որդին է։ Բայց դա խնդիր չէ, ես հպարտանում եմ, որ ունեմ նման որդի, և, համոզված եմ, որ նա էլ է հպարտ։ Բայց խոսենք փաստերով։ Արսեն Ջուլֆալկյանը 13 մեդալ է բերել տարբեր մցրաշարերից։ Վատագույն դեպքում նա 4-5-րդ տեղ է գրավել։ Կարապետ Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ Օլիմպիական խաղերից առաջ միշտ թույլ առաջնություն է լինում, քանի որ ուժեղ մարզիկները չեն մասնակցում՝ պատրաստվելով օլիմպիական խաղերին։ Դրանից հետո նրան հնարավորություն է տրվել մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, որոնց շատ անհաջող է մասնակցել: Հնարավորություն է տրվել մասնակցել նաև 2018 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնությանը ու կրկին շատ անհաջող: Եթե այս ամենով հանդերձ մարզիկը երկու տարի անընդմեջ չի կարողանում արդյունք գրանցել, օգտվել իրեն տրված հնարավորությունից, ինչպե՞ս եք պատկերացնում նրան տալ առավելությունը: Արսեն Ջուլֆալակյանը մասնակցեց 2019 թվականի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում է բրոնզե մեդալով։ Ո՞ւմ է տրվում առավելությունը։ Նույնիսկ սպորտից հեռու մարդիկ կհասկանան, որ առավելությունը տրվում է նրան, ով արդյունք է ցույց տվել։

Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը 4 գոտեմարտ են արել, որոնցում 4-ում էլ հաղթել է Չալյանը: Հայաստանի առաջնությանը կոպիտ, տգեղ երևույթով հաղթանակի հասավ Կարապետ Չալյանը։ Կիևում միջազգային մրցաշարին մրցավարները սխալ որոշում կայացրեցին։ Առանց հնարք կատարելու որոշումը կայացվել է Չալյանի օգտին։ Արսենը միայն մեկ անգամ է պարտվել՝ Բուլղարիայի միջազգային մրցաշարում։ Վերջին ստոգողական գոտեմարտում հաշիվը եղել է 2։2, բայց, ըստ օրենքի, հաղթանակը տրվել է Կարապետին։ Մարզիկները, ովքեր տասնյակ տարիներ միասին են մարզվում ու իրար շատ լավ են ճանաչում, կարողանում են լավ ուսումնասիրելով կորզել հաղթանակը։ Բայց մեր նպատակը չէ՝ ներքին առաջնությունում հաղթենք, որ դրսում պարտվենք։ Մեր գերագույն նպատակը Եվրոպայի, աշխարհի առաջնություններից, օլիմպիական խաղերից մեդալներով վերադառնալն է։ Այլ պարագայում մեր աշխատանքը փոշիանում է։

Չէի ուզում այս չակերտները բացել, բայց պետք է բացեմ։ Բոլոր ժամանակներում ընդունված կարգ է եղել, ով Եվրոպայի առաջնությունից վերադառնում է մեդալով, նա պատրաստվում է աշխարհի առաջնության։ Եվրոպայի առաջնությունից առաջ՝ մարտին, Կարապետ Չալյանը լուրջ վանսվածք է ստացել, չի մասնակցել ոչ մի մրցաշարի․ վնասվածք է բուժել։ Մինչև Եվրոպական խաղերը դեռ մեկ ամիս ժամանակ կար։ Ես մտադիր էի երիտասարդ ըմբիշի տանել խաղերին։ Բայց երբ նա մասնակցեց երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և ձախողվեց, ես հասկացա, որ սխալ եմ, ու որոշումս փոխեցի։ Մեզ մեդալներ են պետք, և պետք է Ջուլֆալակյանը մասնակցի այդ քաշային կարգում։ Արդեն որոշումը կայացված էր։ Մոտենում է ինձ Կարապետ Չալյանը, ասում է․ «Խնդրում եմ, պարո՛ն Ջուլֆալակյան, ինձ հնարավորություն կտա՞ք մասնակցել Եվրոպական խաղերին։ Ասեցի․ «Ճիշտն ասած, պետք է մարզումներդ տեսնեմ, հասկանամ ինչ վիճակում ես, պատրաստ ես արդյոք»։ Արսենն էլ մեծահոգություն արեց Եվրոպական խաղերը զիջեց Չալյանին․ ասաց․ «Պապ, մեր ընկերն է, թող գնա մասնակցի, մի հատ էլ մեդալ վերցնի, ֆինանսական խնդիրներ ունի»։ Մի խոսքով․․․ Ես Չալյանի հետ առանձին խոսել եմ, բացատրել եմ, «Տղա ջան, քեզ տրվում է հնարավորություն, ոչ միայն հնարավորություն, այլև Արսենը մեծահոգաբար քեզ թույլ է տալիս, որ մասնակցես։ Դու չպետք է մասնակեիր։ Բայց կա մի բան, որ պետք է լիարժեք պատկերացնես․ նախ Եվրոպական խաղերին շատ երկրների հիմնական մարզիկները՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի հիմնական ըմբիշները չեն մասնակցում խաղերին։ Կազմը թույլ է և հնարավորություն ունես մեդալ նվաճելու, որը քեզ շատ պետք է։ Բայց մի բան ուզում եմ զգուշացնել, որ 2017-18 թվականներին պարտություններով ես վերադարձել, ու ես բարոյական իրավունք չունեմ, անկախ Եվրոպական խաղերի քո արդյունքներից, քեզ թույլ տալ մասնակցել աշխարհի առաջնությանը։ Անկախ այդ քաշում Արսեն Ջուլֆալակյանն է, թե Պողոսյան Պողոսը, պետք է մասնակցի Պողոսյան Պողոսը»։ Նա շնորհակալություն հայտնեց, ասաց, որ հասկանում է, բայց վերադառնում է և ինտրիգներ առաջացնում։ Մնացածը դուք մտածեք։ Նույն ինտրիգների պատճառով Արսենը չմասնակցեց Վարշավայի մրցաշարին։ Ես արդեն ասել եմ, որ բանը հասել էր նրան, որ մարզիկներն էին որոշում, ով պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը, ով ոչ։ Նախապես հայտավորված էր Արսեն Ջուլֆալակյանը։ Դրանից առաջ մարզիկները դավադրություն են կազմակերպում, կա՛մ երկուսն էլ պետք է մասնակցեն մրցաշարին, կա՛մ մենք չենք մասնակցի հավաքների, մրցումների։ Սա ի՞նչ է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են, որ ես շարժվեմ իրենց կամքով։ Ես բացառված է, որ նման մթնոլորտում կաշխատեմ, եթե մարդիկ մտածում են՝ կարող են ինձ ինչ-որ բան թելադրել, կամ ինձնից ինչ-որ բան պահանջել»։

6016 | 0
Facebook