Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում». Զոհրաբ Մնացականյան

09:50, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
«Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները.

«Այս սկզբունքները կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը: Առաջին սկզբունքը ինքնիշխանությունն է: Այս սկզբունքի առանցքը հայասատանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, քաղաքացիների պաշտպանությունը»:

Երկրորդ սկզբունքն, ըստ նախարար Մնացականյանի, համահայկականությունն է. «Սա և՛ սկզբունք է, և՛ միջոց: Այս սկզբունքն արտացոլում է ոչ միայն Հայաստանին՝ որպես հայության կենտրոն, այլև հայկական դիվանագիտության կողմից ՀՀ-ն, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Մնացականյանը:

Երրորդ սկզբունքն էլ փոխգործակցությունն է. «Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ: Հայաստանն աշխատելու է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցելու է բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկերների հետ»,- ասել է արտաքին գործերի նախարարը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության ոլորտում՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով բոլոր գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով:

2752 | 0
Facebook