Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մի կարևոր ժամկետ կա, որը բոլորի ուշադրությունից վրիպել է». Ստյոպա Սաֆարյան

19:05, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Մի կարևոր ժամկետ կա, որը բոլորի ուշադրությունից վրիպել է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստամբուլյան կոնվենցիայից ու Ամուլսարից մինչև ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությունը

Ինչպես երեկ կեսգիշերին էի ակնարկել, մի կարևոր ժամկետ կա, որը բոլորի ուշադրությունից վրիպել է:

Օգոստոսի 29-ին, ժամը 10։00-ին Սահմանադրական դատարանում սկսվելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը։ Ու քոչարյանականները սրտատրոփ սպասում են այս գործի քննությանը։

Նրանց մի կողմից պետք չէ, որպեսզի հանրության ուշադրությունը ուղղվի դրա վրա, մանավանդ՝ Օգանովսկու խոստովանական ցուցմունքների հրապարակումից հետո, լավ իմանալով, որ հանրային կարծիքն իրենց օգտին չէ։ Հենց դրա համար էլ նրանց պետք էին թեմաներ, որոնցով կթուլացնեին Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը։

Այս երկու ամիսներին այդպիսիք դարձան Կանանց դեմ բռնության ու ընտանեկան բռնության դեմ պայքարի կոնվենցիան ու Ամուլսարի թնջուկը։ Պատահական չէ, որ քոչարյանականները փորձեցին ներդրվել այս երկու բողոքի գործողություններում էլ։

Ուշադրություն դարձնենք, որ նույն Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երեք ճակատ կա՝ Վահագն Չախալյանի Կամքը, Փաստաբանների պալատինը և վերջին օրերին լրիվ մեկ այլ նոր նախաձեռնություն-ստորագրահավաք։ Ըստ որում, նկատելի է, որ երեք ճակատների ուղղակի կոորդինացիա չկա, որովհետև Կամքի մասով չեմ կարող դեռ վստահաբար ասել, թե դա ում դաշտն է, մինչդեռ Փաստաբանների պալատի ճակատը Սերժ Սարգսյանի դաշտն է, երրորդ նախաձեռնությունը՝ մեծ հավանականությամբ հենց Քոչարյանինն է։ Այն, պարզվեց, անգամ Կամքի համար անակնկալ էր ու իրենց հետ չհամաձայնեցված, որի բացատրությունը օգոստոսի 29-ի ժամկետն է, երբ Քոչարյանի գործը կքննվի ՍԴ-ում։ Ու նրանց հաստատապես դուր չէր կարող գալ, որ Կամքի ու Փաստաբանների պալատի ճակատը այլ ռեժիմի, այլ մարդկանց տակ են աշխատում ու այլ ժամկետների վրա, բացի այդ, այդ դաշտերում առավելապես Սերժ Սարգսյանն է ներկա, քան Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ Քոչարյանականներին պետք է, որ հասարակությանը եռացնող խնդիրներ լինեն, ու ուզեն թե չուզեն, այդպիսիներից մեկը Ստամբուլի կոնվենցիան է, մյուսը՝ Ամուլսարը։ Երկու խնդիրների դեպքում էլ, ինչպես նշեցի, պետք է հնարավորինս կարճ ժամկետներում պառակտել հեղափոխական 70-80 տոկոսանոց ընտրազանգվածը, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալական բազան թույլ լինի։ Առավել ևս խուճապի մեջ են ընկել, որ արցախյան խնդրի դաշտում ժանգլյորությունը տապալվեց, դատական փոփոխությունները պարտություն էին իրենց համար, Փաշինյանի կառավարությունն էլ սկսել է օրավուր հմտանալ, բանակում սնունդի, ջրամատակարարման, պարենային ապահովման, դիրքերի ամրապնդման, բանակի սպառազինման ու այլ կարդինալ հարցեր լուծել, աշխատավարձեր բարձրացնել ու ողջ երկրով մեկ տպավորիչ ենթակառուցվածքներ ու ավտոմայրուղիներ վերանորոգել, որոնք նկատվում ու գնահատվում են ժողովրդի կողմից։

Հենց դրա համար էլ, բազմամետաղային հանքարդունաբերության մեծ գիտակ ու փայատեր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մի մասն էլ, որ նախկինում անտարբեր էր հանքարդյունաբերության հանդեպ /հո չէին կարող դեմ դուրս գալ հանքեր ունեցող Քոչարյանի ընտանիքի դեմ/ ու թքած ուներ Ամուլսարի վրա, հանկարծ հիշեց նաև բնությունը փրկելու անհրաժեշտության մասին, բնապահպանական ակտիվիստների հետ միասին հայտնվեցին ԱԺ փակ դարպասների առջև ու սկսեցին գոչել, թե իշխանությունը ժողովրդի առջև դարպասները փակում է․․․

Այս դաշտում առավել հետաքրքրական էր վերջին տարիներին իրենց Սասնա ծռական ներկայացնող որոշ գորշ կարդինալների ու ծպտված քոչարյանական ակտիվիստների ակտիվությունը, որոնք նույնպես ակտիվացան օգոստոս 29-ի վերջնաժամկետին ընդառաջ։ Այստեղ էլ նրանք հասկանում են, որ Ամուլսարի խնդրով բողոքականությունը շատ տարասեռ է, Սերժ Սարգսյանին ներկայացնողների դիրքերն ու ազդեցությունը թույլ են, բայց և մյուսները՝ ազնիվ բնապահպանները, ՀՀ քաղաքացիները իրենցը չեն։

Ու Կարդինեալ Ռիշելյե Աբո Բաղդասարյանը սկսեց համակարգել Ամուլսարի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի դեմ կամպանիայի այն ճյուղը, որը Սերժ Սարգսյանի դաշտը չէ, բայց և նաև «այլընտրանք» է ՔՈ-ի ու քաղաքացիական-բնապահպանական բողոքի այլ՝ իրենց համար անվերահսկելի ճակատների, որոնք բավական արդյունավետ են դիրքավորվել դիսկուրսների ու այլ դաշտերում։ Շատ նման է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի նորաբաց երրրոդ՝ յուրային ճակատը բացելուն։ Այս ծպտված դաշտը, իհարկե, երբեք չի տվել ու չի տալու Քոչարյանի անունը, բայց նրա ֆունկցիան է՝ ազդեցություն ձեռք բերել Ամուլսարի դեմ պայքարի դաշտում և որքան հնարավոր է՝ հարվածել ու թուլացնել Նիկոլ Փաշինյանին․ նրա սոցիալական բազան, բողոքական դաշտը հանել Քաղաքացու որոշման ու բնապահպանական շարժումների տակից՝ ավելի ռադիկալացնելով այն։

Այդ դաշտում դիրքավորված մեկ այլ միավոր՝ ՀՅԴ-ն ակնհայտ ֆալշստարտ տվեց Ամուլսարի մասին իր վերջին հայտարարությամբ, որովհետև, ուզեն, թե չուզեն՝ արդեն բացահայտվեց, որ Ամուլսարի հանքարդյունաբերության որոշման մեջ ՀՅԴ դերը առանցքային է եղել՝ յուրային նախարարի մակարդակով։ Ուստի, նրանք չեն կարող կատարել այն գործառույթը, ինչը դրվել է քոչարյանական կարդինալի վրա։

Ու այս իրավիճակում, Ամուլսարի դեմ շարժումը պետք է տարանջատել ռեվանշիսատական ու պարազիտական այս դրսևորումներից՝ սև ու սպիտակ բաժանման միջոցով։ Թերևս այս դաշտի առանցքը պետք է կազմեն ՔՈ-ն, ազնիվ բնապահպաններն ու քաղաքացիական շարժումները՝ մնացյալին մարգինալացնելով ու թույլ չտալով հայտնվել մեյնսթրիմում, ռադիկալացնել բողոքի շարժումն ու այն ներկելով հակահեղափոխականության սև գույնով։

Ավելին, կարևոր է, որպեսզի հանրային ուշադրությունը սևեռվի կրկին ՍԴ-ի վրա, ինչը բացարձակ անցանկալի է քոչարյանականների համար։ Օգոստոսի 29-ին, ժամը 10։00-ին ՍԴ-ում նրա դիմումի քննությունն է, ու ժամանակավորապես մոռացության մատնված ՍԴ-ն ու ՍԴ ճգնաժամը գալիս են առաջին պլան։ Ըստ որում, այդ ճգնաժամն ավելի է խորանում, որովհետև, գործի քննությանը պետք է մասնակցեն կարգավիճակ չունեցող ՍԴ անդամները, որոնք նախկինում կանխակալ վերաբերմունք են ունեցել Քոչարյանի ու մարտի 1-ի գործով։ Համաձայն իրենց իսկ՝ ավելի վաղ կայացրած աշխատակարգային որոշման, նրանք իրավունք չպետք է ունենան սկսելու գործի քննությունը, ինչպես որ դա որոշել էին Վահե Գրիգորյանի դեպքում»։

| | |
20460 | 1
Facebook