Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արցախյան կարգավորման ուղղությամբ». Արման Բաբաջանյան

15:25, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արցախյան կարգավորման ուղղությամբ». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք բոլորս զբաղված ենք Ամուլսարի խնդրով մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արցախյան կարգավորման ուղղությամբ։

Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Քննարկված հարցերի շարքում, ի շարս այլ հարցերի, արցախյան խնդրի հիշատակումը չափազանց ուշագրավ է հակամարտության հատկապես այս փուլում, կրկնակի կարևոր է, որ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության երկու անդամ երկրների ղեկավարների միջև։

Այժմ արցախյան խնդրի մեկ այլ կարևոր դիտանկյան մասին։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմերի դիրքերը կարող են ամուր լինել ոչ միայն մարտունակ զինված ուժերով, այլ կենսունակ ու մրցունակ տնտեսությամբ, արդյունավետ գործող պետական կառավարման համակարգերով ու ինստիտուտներով։ Զինված ուժերի մարտունակության խնդիրը, բարեբախտաբար, լուծված է պատշաճ մակարդակով, թեև դա անընդհատ աշխատանք պահանջող գործընթաց է։ Նույնը, սակայն, չի կարելի ասել տնտեսության ու պետական կառավարման համակարգի մասին։ Թավշյա հեղափոխությունից անցել է 1,5 տարի, խորհրդարանական ընտրություններից՝ ավելի քան կես տարի, սակայն մինչև օրս Հայաստանի կառավարությունը գործում է առանց հաստատված կառուցվածքի։ Նույն այդ ժամանակահատվածում, չնայած ներդրումների մասին բարձրագոչ հայտարարություններին, որևէ շոշափելի ներդրումային նախագիծ չի իրականացվել։ Թվարկված ու չթվարկված բազմաթիվ խնդիրների տեսանկյունից սինթեզող նշանակություն ունի իշխանության վարած, մեղմ ասած՝ վատ կադրային քաղաքականությունը, որը որևէ հույս չի ներշնչում, որ առաջիկայում այդ մարտահրավերները կարող են հաղթահարվել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, իհարկե, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է և միշտ պետք է գտնվի հանրության ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, անթույլատրելի է, որ այդ հարցը դառնա քողածածկույթ այլ՝ պետության համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող խնդիրները շրջանցելու կամ լղոզելու համար։ Ղարաբաղյան ճակատում մենք կարող ենք հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ ունենանք կայացած ինստիտուտներով, ամուր ժողովրդավարությամբ ու մրցունակ տնտեսությամբ պետություն։ Դա պետք է լինի ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Սփյուռքի հիմնական օրակարգը»։

5223 | 0
Facebook