Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է». Շուշան Դոյդոյան

17:05, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է». Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է, զուրկ իրավական որոշակիությունից և այդ պատճառով կարող է հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափական։

1. Առաջարկվող կարգավորման բուն նպատակը պետք է լիներ ՀՀ օրենսդրությամբ տալ «ատելության խոսք» հասկացության հստակ և սպառիչ սահմանումը։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի տալիս «ատելության խոսք» հասկացության սպառիչ և ամբողջական սահմանում, այլև խիստ ընդհանրական ձևակերպմամբ փորձ է արվում քրեական պատասխանատվություն, ներառյալ ազատազրկում, սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
     Գտնում ենք, որ արտահայտվելու ազատության սահմանափակում, հատկապես ազատազրկում նախատեսող նորմը, պետք է լինի առավելագույն կոնկրետ, հստակ, ատելության շարժառիթի հստակ սահմանմամբ, որ բացառվեն տարածական կամ կամայական սուբյեկտիվ մեկնաբանության հնարավորություն տվող ձևակերպումները։

2. Այս կարգավորման պարագայում անորոշ է, թե ինչպես է մեկնաբանվելու բռնություն հասկացությունը քրեաիրավական տիրույթում։ Այս կարգավորմամբ ստացվում է, որ դա ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործություն է, առանց նշելու ատելության դրդապատճառը, որով և հանցագործության շեմն էապես նվազեցվում է։ Ատելության խոսքի սահմանումը պետք է պարտադիր ներառի ատելության դրդապատճառը որպես հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ, որը պայմանավորված կարող է լինել թիրախավորված անձի կամ անձանց խմբի ռասսայական, կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությամբ, հաշմանդամությամբ, սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ, կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքով։ Ստացվում է մի իրավիճակ, երբ օրինակ, 2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» կոչերի հրապարակելը մեդիաների կողմից այս նախագծով կարող է հանգեցնել լրագրողի կամ խմբագրի քրեական պատասխանատվության։

3. Կարծում ենք, որ արտահայտվելու ազատության համատեքստում քրեական պատասխանատվության սահմանումը խիստ բացառիկ միջամտություն է, երբ քաղաքացիավական տիրույթում հարցի կարգավորումը չի կարող ապահովել կենսական այլ շահերի բավարար պաշտպանություն։ Այս բացառիկ սահմանափակումը պետք է ունենա օրենքով սահմանված հստակ և կոնկրետ հիմքեր, հետապնդի իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում։ Պետական մարմինների միջամտությունը պետք է համաչափ լինի և չհանգեցնի ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակման»։

| | |
1021 | 0
Facebook