Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀՇ-ն կարծում է՝ ինքն է կարևոր, ՀՅԴ-ն իրեն է կարևորում, ԱԻՄ-ն էլ իր հերթին իրեն». Աշոտ Մելքոնյան

16:15, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«ՀՀՇ-ն կարծում է՝ ինքն է կարևոր, ՀՅԴ-ն իրեն է կարևորում, ԱԻՄ-ն էլ իր հերթին իրեն». Աշոտ Մելքոնյան

«Պատմագիտության մեջ նման սահմանում գոյություն չունի, թե որ ժամանակաշրջանի մասին կարելի է գրել: Բայց մի բան պարզ է. այսօրվա դեպքերի մասին գրելը շատ դժվար է, որովհետև կան քաղաքական կուսակցություններ ու գործիչներ: Ամեն մեկը յուրովի է ընկալում իր դերակատարությունը հասարակության մեջ: Քանիերորդ անգամ մենք դասագիրք են գրում և ամեն անգամ համոզվում, որ մի քաղաքական ուժ գալիս և ասում է՝ մեր պատմությունը կեղծվել է, մենք ավելի մեծ դերակատարություն ենք ունեցել արցախյան պատերազմում, մեր մասին ինչո՞ւ եք քիչ գրել: ՀՀՇ-ն կարծում է՝ ինքն է կարևորը, ՀՅԴ-ն իրեն է կարևորում, ԱԻՄ-ն էլ իր հերթին իրեն: Պետք է կրքերը հանդարտվեն, ժամանակ անցնի, դառնա պատմություն, որ նոր կարողանաս այդ մասին գրել»,- օգոստոսի 20-ին «Մեդիա կենտրոն»-ում «Վերախմբագրե՞լ Հայոց պատմության դասագիրքը՝ ըստ նոր իրավիճակի թեմայով» քննարկմանն ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ գոնե 1 տասնամյակ պետք է անցնի, ու թեև 2008թ. մարտի 1-ից մեկ տասնամյակ անցել է, սակայն պարզաբանման ենթակա հարցեր կան:

«Քաղաքական շրջանակները չեն կարողացել գնահատական տալ, բեռը թողել են մեր՝ պատմաբաններիս վրա՝ թե դուք որոշեք՝ Մարտի 1-ին ինչ է եղել»,- նշեց նա:

Պատմաբանի գնահատմամբ՝ ակադեմիական շարադրանք ներկայացնելու տեսանկյունից նոր շրջանը դեռ պատմություն չի դարձել, և բնականաբար, գնահատականները կարող են լինել քաղաքագիտական, հրապարակախոսական, լրատվական բնույթի: Այդ նկատառումով էլ այդ ժամանակաշրջանի պատմությունը չի շարադրվել ակադեմիական դասագրքերում: Իսկ ինչ վերաբերում է դպրոցական դասագրքերում ընդգրկվելուն, պատմաբաններն այն կարծիքին են, որ պատանին ու երիտասարդը պարտավոր են իմանալ, թե ինչպես է կյանքի կոչվել ՀՀ 3-րդ հանրապետությունը, թե ինչպես է մեր ժողովուրդը Լեռնային Ղարաբաղում հաղթանակ տարել: Այդ հաղթանակների պատմությունը շրջանցել հնարավոր չէ:

Ա. Մելքոնյանը նկատեց, որ դպրոցականը պետք է իմանա ապրիլյան պատերազմի հերոսների մասին: Դա նաև դաստիարակչական նշանակություն կունենա:

Դասագրքերի հեղինակ, պատմաբան Էդիկ Գևորգյանն էլ հավելեց, որ դպրոցական դասագրքերում դեպքերը շարադրված են մինչև 2016թ., բանավոր առաջարկ է եղել ընդգրկել նաև 2018թ.: Դրական շարադրանքով ներկայացրել են ապրիլյան իրադարձությունները և ավարտել 2018թ. խորհրդարանական ընտրություններով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն էլ հայտնեց, որ իրենք մասնագիտական շրջանակներից դեռ հստակ չեն ստացել այն հարցի պատասխանը, թե նոր ժամանակաշրջանը շարադրելը պատմությո՞ն է համարվում, թե՞ քաղաքագիտական տեքստ: «Օրինակ՝ Ֆրանսիան վերջին 10-15 տարիների իրադարձությունները չի զետեղում»,- նշեց նա:

Լ. Առաքելյանի հաղորդմամբ՝ նախարարության խնդիրն է նոր ժամանակաշրջանն ընդգրկելիս զերծ մնալ մեկնաբանություններից ու գնահատականներից:

Նախարարության պաշտոնյայի վկայությամբ՝ նոր դասագրքերը դեռ փորձագիտական եզրակացություն պետք է անցնեն: Սակայն նկատենք համապատասխան կառույցը՝ Կրթության ազգայինը ինստիտուտը այժմ լուծարվածի կարգավիճակում է: Առաջիկայում վերանայվելու են նաև առարկայական չափորոշիչները:

3228 | 0
Facebook