Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի շահագործվելու». Ալեն Սիմոնյան

17:30, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.
«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի շահագործվելու». Ալեն Սիմոնյան

Ամուլսարի հարցով ՀՀ վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը, հավաքված լրագրողներին տեսնելով, ասաց՝ ուրախ եմ ձեզ տեսնել ու հեռացավ: Փոխարենը հանդիպման մանրամասներից խոսեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևէ գաղտնի բան չկա, վարչապետը ներկայացրեց իր առավոտվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում: Կարծում եմ՝ օրվա ընթացքում կամ երեկոյան վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է վարչապետի տրամադրվածությունը, ԱԺ փոխնախագահն ասաց, որ տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն:

«Որևէ նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, չի լինելու»,- պնդեց Ա. Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել է, որ եթե անգամ 0,1 տոկոս կասկած լինի, և դրանից տուժեն Ջերմուկն ու Սևանը, Ամուլսարի հանքը չի շահագործվելու: Ըստ նրա՝ նույնը հնչել է նաև հանդիպմանը, կարմիր գծով անցել է այն հարցը, որը եթե կա անգամ 0,1 տոկոս կասկած, հանքը չի շահագործվի:

Այն հարց-դիտարկմանը, թե եզրակացության մեջ ասվել է երկրաշարժի դեպքում ռիսկերի ու դրանք կառավարելի լինելու մասին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Եթե լինում է տեկտոնական երկրաշարժ, դրա հետևանքը լցվում է պոչամբարը, դրանից էլ Սևանի ավազանի մեջ, փորձաքննության միջոցով հնարավոր քանակը լինելու է այնքան, որ հնարավոր չի լինելու միջից գտնել այդ վնասակար նյութի պարունակությունը»: Նա նկատեց նաև, որ ինքը դրան գնահատական տալ չի կարող, որովհետև դրա համար չեն բավարարում իր մասնագիտական գիտելիքները:

Ա. Սիմոնյանը պնդեց, որ հանդիպմանը բոլորի մտահոգությունն այն է եղել, որ հանկարծ չսխալվեն:

«Եթե կա սխալվելու հավանականություն, կառավարությունը ռիսկի չի գնա: Եթե կա փոքր հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևորը ՀՀ-ն է, բնապահպանական մակարդակը: Դա չի քննարկվում»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Լրագրողի հարցին, թե եթե որոշվի, որ հանքը շահագործման ենթակա է, բնապահպանները չեն բողոքելո՞ւ, Ա. Սիմոնյանը նկատեց, թե ինքը վստահ չէ, որ քանի դեռ որևէ տեղ հանք գոյություն ունի, բնապահպանները չեն բողոքելու:

Նա բացառեց կառավարության վրա ճնշումնեիի առկայությունը՝ պնդելով, որ ներկայիս կառավարությունն այն կառավարությունը չէ, որի վրա որևէ կազմակերպություն կարող է ճնշում գործադրել: Ա. Սիմոնյանը հիշեցրեց, որ Ամուլսարի քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա:

«Իրենից ավելի շահագրգիռ մարդ ես չեմ պատկերացնում, որ գոյություն ունենա»,- հայտարարեց նա:

Իսկ ինչ վերաբերում է փորձաքննություն անցկացրած կազմակերպության որակի հանդեպ կասկածներին ու արված հայտարարություններին, ապա այն մրցույթով է ընտրվել, և հաղթել է ամենալավ փորձաքննություն անող ընկերությունը:

6940 | 0
Facebook