Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր բարեկամ ռուսները պետք է շա՛տ հիմնավոր, երկաթյա՛ արգումենտներ բերեն». Սարգիս Միքայելյան

17:55, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
«Մեր բարեկամ ռուսները պետք է շա՛տ հիմնավոր, երկաթյա՛ արգումենտներ բերեն». Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՌԴ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ հնարավոր չէ Միհրանին արտահանձնել: Դա հիմնավորել են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածով:
     Եթե վերածենք նորմալ հայերենի, դա նշանակում է, որ ռուսներն ասում են՝ Միհրանին չենք կարող հանձնել, քանի որ դա կա՛մ հակասում է մեր օրենսդրությանը (այս մասին՝ ստորև) կա՛մ վնաս է հասցնում մեր ինքնիշխանությանը կամ անվտանգությանը:
     Անվտանգության մասը միանգամից բացառենք:
     Ինքնիշխանության մասով. Ինչպես հայտնի է՝ Պողոսյան Միհրանը դիմել էր Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու համար: Քաղաքական ապաստան տրամադրելը ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, դա առնչվում է հենց ինքնիշխանությանը: Քաղապաստան տրամադրում է ՌԴ Նախագահը՝ իրեն կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովի առաջարկով, սակայն մինչ այդ փուլին հասնելը, գործընթացը գնում է Միգրացիոն Ծառայությամբ, ՖՍԲ-ով և ԱԳՆ-ով, և այս մարմիններից յուրաքանչյուրն ունի առնվազն մեկ ամիս եզրակացություն տալու համար: Դրական եզրակացության առկայության դեպքում միայն գործը մտնում է պրեզիդենտին կից վերը նշված հանձնաժողով, նոր հետո հասնում պրեզիդենտին՝ վերջնական որոշման համար: Հիմա ենթադրենք, թե այդպես է եղել, ու բանը հասել է դիվանբաշուն (Վլ. Պուտինին), նա ասում է՝ հա, տալիս ենք էդ մարդուն ապաստան, ու պարզվի՝ արդեն արտահանձնել են... Այդպես չի կարող լինել:
     Հետևաբար, եթե գործընթաց կա քաղապաստանի տրամադրման հետ կապված, ուրեմն մինչև այդ հարցով վերջնական որոշումը կայացված չլիներ, չէին արտահանձնելու:
     Օրենսդրության մասով.
     Նաև ՌԴ ՔրԴատ Օրենսգրքի 464 հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ արտահանձնումն արգելվում է, օրինակ՝ իրենց քաղաքացին հանդիսանալը, ՌԴ-ում համանման հոդվածով քրեական գործով անցնելը, հանցանքի վաղեմության ժամկետի հարցը և այլն, և այլն... Իսկ 462-ը՝ երբ կարող է արտահանձնվել:
     Այնպես որ, եզրակացությունների մեջ դեռ մի շտապեք, բարեկամներ: Սկզբից դեռ թող ՌԴ դատախազությունը պատասխանի, թե ինչու՛ չի արտահանձնում, այդ ի՛նչն է Միհրան Պողոսյանի դեպքում խոչընդոտ հանդիսանում արտահանձնմանը: Ես գրեթե համոզված եմ, որ դա կապված կլինի իր կողմից այնտեղ քաղաքական ապաստան ստանալու գործընթացի հետ: Բայց, դե, գուցե մի գեղեցիկ հանցանք է այնտեղ գործել, և ուզում են իրենք դատել, եսի՞մ: Կամ գուցե Ռուսաստանի քաղաքացու անձնագի՞ր է գնել...
     Ամեն դեպքում, այս ամենը սկսում է մեզ հեչ դուր չգալ, և մեր բարեկամ ռուսները պետք է շա՛տ հիմնավոր, երկաթյա՛ արգումենտներ բերեն արտահանձնումը ձգձգելու հետ կապված:
     Եվ լավ կլիներ, որ այդ արգումենտները լինեն ա՛յն որակի ու արմության, որ մենք չհավատանք ամենահնարավոր վարկածին, այն է՝ որ այսօրվա Ռուսաստանում որոշ ազդեցիկ ուժեր պատրաստ են փչացնել հայ ժողովրդի հետ հարաբերությունները ... Միհրան Պողոսյանի խաթր»:

4260 | 0
Facebook