Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ամուլսարի հանքը շահագործելը հանցագործություն է, նույնիսկ խորհրդային կառավարությունը չի գնացել այդ քայլին». Գագիկ Սուխուդյան

14:40, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
«Ամուլսարի հանքը շահագործելը հանցագործություն է, նույնիսկ խորհրդային կառավարությունը չի գնացել այդ քայլին». Գագիկ Սուխուդյան

«Ամուլսարը շահագործելը կլինի ռազմավարական վնաս: Ամուլսարը 3 հազար մետր բարձրության սար է և ունի ռազմավարական նշանակություն, հատկապես պատերազմական վիճակում: Ինչ զենք ուզում է լինի, միևնույն է, բարձունքները զինվորների համար միշտ մեծ նշանակություն ունեն: Մենք մի սար արդեն ոչնչացրել ենք Վարդենիսում՝ հանքերը բաց եղանակով շահագործելով: Մենք չպետք է մեր սարերը ոչնացնենք, աշխարհագրական նման կոպիտ սխալներ կատարենք, որքան էլ ոսկի, արծաթ ու ադամանդ այնտեղ լինի». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան Գագիկ Սուխուդյանը:

Նրա գնահատմամբ՝ Ամուլսարի խնդիրը ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է: Գ. Սուխուդյանին հավատ չի ներշնչում եզրակացության մեջ նշված այն գնահատականը, թե բնապահպանական ռիսկերն աննշան են ու մեղմման միջոցառումներ իրականացնելու դեպքում՝ կառավարելի:

«Նման բան հնարավոր չէ: Շահագործողներն ու ընկերություններն այդպես են ասում, որպեսզի հանրությանը հանգստացնեն: Նշում են, թե աշխատատեղեր են ստեղծում: Ի՞նչ մեղմացման մասին է խոսքը: Դուք տեսե՞լ եք այնտեղի փոշին պայթյուններից հետո»,- նկատեց նա:

Բնապահպանի կանխատեսմամբ՝ հանքը շահագործելու պարագայում Ջերմուկ առողջարանային քաղաքից ոչինչ չի մնա:

«Պատկերացրեք՝ ապարով լցված բեռնատար մեքենաները Ջերմուկով են անցնելու, որովհետև այլ ճանապարհ չկա: Արդյունքնում հանքի շահագործումից մեկ ամիս անց բոլորն այնտեղից կհեռանան, և ամենից բյուրեղային վայրի համարում ունեցող Ջերմուկը կդադարի որպես առողջարանային քաղաք գոյություն ունենալ»:

Գ. Սուխուդյանն ընդգծեց, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը անհամատեղելի են: Իսկ ՀՀ կառավարությունը բազմիցս է հայտարարել, որ Ջերմուկը զբոսաշրջության զարգացման պոտենցիալ բաղադրիչներից մեկն է: Բնապահպանը հիշեցրեց, որ Ամուլսարի հանքը հայտնի է եղել դեռ խորհրդային տարիներից, այն նոր չեն հետախուզել:

«Սակայն այդ տարիների կառավարությունը չի գնացել հանքը շահագործելու քայլին, որովհետև գիտակցել է, որ չի կարելի ամեն գնով ոսկի հանել: Այդ հանքը շահագործելն ուղղակի հանցագործություն է: Ոչ միայն ջերմուկցիները, այլև գնդեվազցիները, հարակից մյուս գյուղերի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը»:

Բնապահպանն ասաց, որ ժամանակին ՀՀ քաղաքացիներս հրաժարվեցինք նախկին կառավարությունից՝ հաշվի առնելով առկա կոռուպցիան, նախկինում կայացված սխալ որոշումները: Այդ սխալ որոշումներից մեկն էլ Ամուլսարին թույլտվություն տալն էր:

«Եվ ուրեմն՝ եթե հայտարարվել է, որ մենք գնում ենք նոր, ժողովրդի հետ անկեղծ լինելու ճանապարհով, ապա ըստ իս՝ միայն ընտրությունների հարցում փոփոխություն լինելը, սակայն Ամուլսարի հարցում վիճակը նույնությամբ մնալը դառնում է մանիպուլյացիա»,- ամփոփեց բնապահպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը: Ավելի վաղ՝ գործադիրի փետրվարի 21-ին կայացրած որոշմամբ 396 հազար 900 ԱՄՆ դոլար էր տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեին՝ փորձաքննությունը կատարելու համար:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բնապահպանների ու ջերմուկցիների բողոքները չեն դադարում: Ակնկալվում է, որ եկող շաբաթ Ջերմուկի բնակիչները պետք է հանդիպում ունենան ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ:

6946 | 0
Facebook