Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատախազության դավադրությունն ընդդեմ քաղբանտարկյալների». Պետրոս Մակեյան

22:35, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Դատախազության դավադրությունն ընդդեմ քաղբանտարկյալների». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս շրջանառության մեջ դրվեց, որ դատախազությունը և ՀԱԿ-ը նախաձեռնում են գործընթաց՝ քաղաքական բանտարկյալներին արդարացնելու նպատակով։ Ապշելու բան է՝ նույն դատախազությունը՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, ստալինյան ոճով մարդկանց փակում էին, իսկ հիմա նախաձեռնում են «արդարացման» գործընթաց։ Նախ ես, որպես նախկին քաղբանտարկյալ, որևէ արդարացման խնդիր չեմ տեսնում, ավելին, մեր՝ քաղբանտարկյալներիս, մեծամասնության համար արդարացումը և փոխհատուցումն այն կլինի, որ այդ նույն դատախազները, քննիչները, դատավորները և գործընթացներին մասնակից ոստիկանները, բանդայի ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, կանգնեն արդարադատության առաջ և պատասխանատվության ենթարկվեն։ Ավելին՝ այստեղ նկատելի է դավադրություն, փորձեմ հիմնավորել՝ հեղափոխությունից հետո մեր իրավունքները վերականգնելու համար տարբեր հարցերով դիմել ենք դատախազություն, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակի, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ապօրինության բոլոր մասնակիցները, նրանցից ստացանք սերժաբարո պատասխան։ Հիմա ստացվում է՝ դատախազությունը նախաձեռնում է իր դեմ քայլեր, որովհետև այդ գործընթացի արդյունքում դատախազությունում շատերը պետք է զրկվեն ազատությունից։ Տպավորություն է ձևավորվում, որ նրանց նպատակը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանով սպասվող դատավճիռները կանխել կամ ժամանակավորապես սառեցնելն է, մասնավորապես՝ դիմեն ՄԻԵԴ, քանի որ Հայաստանում սկսվել է այդ գործերով արդարացման գործընթաց, միջնորդեն՝ ժամանակավորապես սառեցնել, ինչը նաև հանցագործության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ դատախազության փրկությունն է, հնարավոր է ներկա իշխանությունների համար ևս ցանկալի տարբերակ է։
     Անհասկանալի է՝ ՀԱԿ-ն ինչ դերակատարում ունի, ո՞վ է նրանց լիազորել՝ այդ օրակարգով դատախազության հետ բանակցելու, առավելևս ՀԱԿ-ը 2008-09 թթ-ին, երբ զբաղվում էր քաղբանտարկյալների ՄԻԵԴ գործերով, շատ պրիմիտիվ տեխնիկական վրիպակներով գործերը չէր հասնում Եվրոպական դատարան, մասնավորապես՝ քաղբանտարկյալ Հարություն Ուռությունյանինը, հնարավոր է այլ գործեր ևս կան, իսկ մեր գործը Վերաքննիչ դատարան ուղարկվել է նմանատիպ վրիպակով, որի հետևանքով Վերաքննիչ դատարանը վարույթ չէր ընդունել, այդ պատճառով կորցրեցինք երկու ամիս։ Ստիպված գործը վերցրել ենք Կոնգրեսի գրասենյակից և խնդրել լուսահոգի Տիգրան Տեր-Եսայանին, որպեսզի իր փաստաբանական խումբը զբաղվի մեր գործերով։ Առաջարկում ենք ՀԱԿ-ին՝ զբաղվել այլ գործերով և չներքաշվել ներիշխանական, առավելևս նախկին հանցավոր դատաիրավական համակարգի դավադրությունների մեջ»։

2988 | 0
Facebook