Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխական կառավարությունը պետք է բացատրի՝ ինչո՞ւ է այդ բացառությունն արվում Ամուլսարի դեպքում». Արման Բաբաջանյան

12:00, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Հեղափոխական կառավարությունը պետք է բացատրի՝ ինչո՞ւ է այդ բացառությունն արվում Ամուլսարի դեպքում». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարն առերևույթ դուրս է քաղաքական կրքերից, սակայն այն դարձել է Հայաստանի հետհեղափոխական շրջանի գլխավոր մարտահրավերներից և բարդագույն խնդիրներից մեկը, իր անկասկած նաև քաղաքական ազդեցությամբ: Միայն այն, որ արտասահմանյան խոշորագույն այդ ներդրման ճակատագրով բաց տեքստով մտահոգվում է ԱՄՆ դիվանագիտական կորպուսը, վկայում է, թե ինչ նշանակությամբ հարցի մասին է խոսքը: «Լիդիան» ընկերությունը Հայաստանում իրականացնելու էր արևմտյան կապիտալի խոշորագույն ներդրում, ինչն էական նշանակություն ունի թեʹ Հայաստանի տնտեսության, թեʹ միջազգային քաղաքական և ներդրումային վարկի համար: Սակայն, համենայնդեպս, առայժմ իրավիճակն աշխատում է հակառակ տրամաբանությամբ, ժամանակը պտտվում է Հայաստանին հակառակ շրջանակով: Այստեղ գլխավորը մեկը չէ, մի քանիսն են՝ մի կողմից երկրի տնտեսական կացությունն ու ներդրումային վարկը, մյուս կողմից ԱՄՆ հետ գործընկերությունը՝ հաշվի առնելով «Լիդիանի» հարցում Նահանգների շահագրգռությունը, մեկ այլ կողմից սեղանին է հանքարդյունաբերության աննախադեպ բարձր ստանդարտի նախագծի ճակատագիրը, մեկ այլ տեսանկյունից էլ անկասկած կարևորագույն հարց է բնապահպանության ստանդարտը և մեր ջրային ավազանի պաշտպանությունը: Ամուլսարի խնդրի կարևոր շերտերից մեկն էլ վերաբերում է Հայաստանի հանքարդյունաբերական մյուս հսկաներին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատին և Թեղուտի հանքավայրին։ Առաջինը հաջողությամբ շարունակում է շահագործումը (եթե չեմ սխալվում կոմբինատը երկրորդ պոչամբարն է որոշել կառուցել)։ Հեղափոխությունից հետո, կասեցված Ալավերդու և Թեղուտի հանքավայրերը, մասնակի սկսել են աշխատել, կա հավաստիացում, որ դրանք ամբողջությամբ (վերա) գործարկվելու են մոտ ապագայում։ Ստեղծված իրավիճակը բնական հարց է առաջացնում ամերիկացի գործընկերների մոտ՝ ինչո՞ւ պետք է շրջակա միջավայրին անդառնալի վնաս հասցնող վերոնշյալ հանքավայրերն անարգել շարունակեն շահագործվել, իսկ բնապահպանական նորմերը պահպանելու գործում մեծ միջոցներ և ջանքեր ներդրած «Լիդիան»-ին բացառություն արվի։

Հայաստանը չի հայտարարել, որ պատրաստվում է զարգանալ առանց մետաղական հանքերի, թեև վճռել է մինչև 2050-ը տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ ընդունել, ինչն առկա հանքարդյունաբերության պայմաններում, մեղմ ասած, անհնար է։ Հայաստանի միջազգային գործընկերները ցանկանում են այս հարցում հստակություն։ Եթե Հայաստանի հեղափոխական կառավարությունն ստանձնել է Հայաստանի նախորդ վարչակարգերի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ուրեմն պետք է բացատրի, թե ինչու է այդ բացառությունն արվում Ամուլսարի դեպքում։ Եվ, ի վերջո, հանրագումարում Ամուլսարը Հայաստանի ինքնիշխանության հարցն է: Որոշումները՝ այս կամ այն, ոչ միայն հեշտ չեն լինելու, այլ նաև չեն անցնելու և ընդունվելու հարթ, որևէ դեպքում: Բայց դրանք պետք են, արդեն հրատապ են, եթե ոչ ուշացած:

Ամուլսարի խնդիրն անկասկած օգտագործել են և կօգտագործեն անտեսանելի ճակատի շատ մարտիկներ, որոնք այսօր երեկը վերադարձնելու համար օգտագործում են ամենաչնչին մանրուքներն անգամ, ուր մնաց լրջագույն այս խնդիրը»:

2899 | 0
Facebook