Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Հակակոռուպցիոն մարմնի արդյունավետության համար անհրաժեշտ է բարեփոխել իրավապահ համակարգը. ԻՔՄ

03:10, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Հակակոռուպցիոն մարմնի արդյունավետության համար անհրաժեշտ է բարեփոխել իրավապահ համակարգը. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել. «Հայաստանում հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցի ստեղծումը չի կարող տեղի ունենալ առանց իրավապահ համակարգի ամբողջական բարեփոխման։

Այս մասին ասվում է հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների պատրաստած՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022-ի միջոցառումների ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ժողովածուում։

Նախ նշենք, որ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը նախատեսված է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Համաձայն դրա, այս մարմինը պետք է իրականացնի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս նպատակով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխել Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված հանցագործությունները քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն վերջինիս տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը չի միացվելու Հակակոռուպցիոն կենտրոնին։ Միաժամանակ, անորոշ են մնում Հատուկ քննչական ծառայության գործառույթները։

Ըստ այդմ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հանդես են եկել մի շարք մտահոգություններով և առաջարկություններով։ Վերոնշյալ հասարակական կազմակերպությունների պնդմամբ, իրավապահ համակարգի ամբողջական բարեփոխման տեսլականի բացակայության պարագայում հնարավոր չէ գնահատել ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման համար առաջարկվող մոտեցումների և մեխանիզմների արդյունավետությունը, այնպես էլ ընդհանուր համակարգի համապատասխանությունն ու բացերը: Բացի սա, ՀԿ-ները մտահոգություն են հայտնում, որ ռազմավարության մեջ ներկայացված չեն Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնուրույնության և անկախության երաշխիքները։ Մյուս մտահոգություններից է նաև այն, որ գործող իրավապահ մարմիններում առկա օպերատիվ ծառայությունները, տեղափոխվելով նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտե, կարող են շարունակել գաղտնի համագործակցությունը նախկին «սուբյեկտ կառույցների» հետ։

Առանձնակի խնդրահարույց է նաև Հակակոռուպցիոն կենտրոնը, այսպես ասած, ԱԱԾ վերահսկողության ներքո դնելը, որի պարագայում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մոտ կարող է առաջանալ կաշկանդվածություն ԱԱԾ ծառայողներին որպես կոռուպցիոն հանցագործությունների սուբյեկտ դիտարկելու հարցում՝ առավել ևս, հաշվի առնելով այս կառույցի պատմականորեն ձևավորված հատուկ կարգավիճակը իրավապահ համակարգում։

Ուստի, վերոնշյալ հասարակական կազմակերպություններն առաջարկում են Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորմանը զուգահեռ նախագծել և պլանավորել իրավապահ ողջ համակարգի բարեփոխումը, սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությունների շրջանակը՝ փոփոխություններ կատարելով ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում։

Հատուկ կարևորություն է տրվում նաև նրան, որ Հակակոռուպցիոն կենտրոնը ձևավորի սեփական անձնակազմ և հնարավորինս խուսափի իրավապահ մյուս մարմինների մարդկային ռեսուրսներից (որոշ տեղափոխումներ, իհարկե, չեն բացառվում)։

Բացի սա, ՀԿ-ներն առաջարկում են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների՝ իրենց պաշտոնեական գործունեության հետ կապված հանցագործությունների քննությունը վստահել ոչ թե կոնկրետ մեկ մարմնի՝ ԱԱԾ-ին, այլ կոլեգիալ մարմնի։ Մասնավորապես, այդպիսի մարմին կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազի հակակոռուպցիոն ոլորտը համակարգող տեղակալի ցուցումով յուրաքանչյուր քրեական գործով ձևավորվող՝ քննչական գործառույթներ իրականացնող մարմինների ներկայացուցիչներից բաղկացած քննչական խումբը, ինչը հնարավորություն կտա փոխզսպել առանձին ինստիտուցիոնալ շահերը, առավել ծանրակշիռ կդարձնի քննությունը և դրանով իսկ կկատարի նաև կանխարգելիչ դեր:

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022-ի միջոցառումների ծրագրի վերաբերյալ մյուս առաջարկություններին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում»։

| | |
748 | 0
Facebook