Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

««Սանիթեք» և «Սանիթեք Ինթերնեյշընլ» ընկերություններում համալիր ստուգումներ են». ՊԵԿ փոխնախագահ

13:15, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
««Սանիթեք» և «Սանիթեք Ինթերնեյշընլ» ընկերություններում համալիր ստուգումներ են». ՊԵԿ փոխնախագահ

ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանն օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ «Սանիթեք ինթերնեյշընլ», «Սանիթեք» ընկերություններում այժմ համալիր ստուգումներ են անցկացվում: Նրա վկայությամբ՝ սանմաքրում իրականացնող ընկերությունն ի սկզբանե եղել է ավելացված հարկ վճարող, ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ: «Հետագայում ընկերությունն ինչ-ինչ պատճառներով իր գործունեության մի մասը՝ աղբի տեղափոխումը դիտարկել է «Հաստատագրված վճարի մասին» օրենքով նախատեսված բեռնափոխադրման ներքո: Այսինքն՝ ձնամաքրման համար վճարել է ԱԱՀ, իսկ աղբի տեղափոխման համար՝ հաստատագրված վճար: Ընկերություններում այժմ համալիր հարկային ստուգումներ են, սանմաքրման օպերատոր ընկերությունները չեն վճարել նաև բնապահպանական և բնօգտագործման վճարները»,-նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Դրա վերաբերյալ գրություն ուղարկվել է համապատասխան մարմնին՝ վերահսկելի եկամուտների գծով ստուգում իրականացնելու նպատակով: Հիմա քրեական գործը նախաքննության փուլում է:

Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության խախտման ընդհանուր վիճակագրությանը, ապա ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ այս տարվա 1-ին 7 ամիսներին գրանցվել է ապօրինի ձեռնարկատիրության 126 դեպք, որից 89-ի նկատմամբ պարտավորությունների կատարման վարչական ակտեր են կազմվել: Առանց լիցենզիայի գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ 35, առանց փաստաթղթերի ապրանքի մատակարարման վերաբերյալ 361 վարչական արձանագրություն է կազմվել:

ՊԵԿ-ը նաև բիզնեսի տրոհման դեպքեր է բացահայտել: Տնտեսվարողները շրջանառության հարկի դաշտ անցնելու համար բիզնեսը տրոհել են՝ գրանցելով մի քանի առանձին ընկերություն: Նրանց մի մասն ընդունել է, որ բիզնեսի տրոհումը կանխամտածված է և պետբյուջե են վճարել պակաս հարկեր:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ օրենսդրության դաշտում փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, «Հարկային օրենսգրքում» կսահմանվեն նոր՝ հարկային պլանավորման չարաշահում և հարկային օգուտ հասկացությունները:

«Հարկային պլանավորման չարաշահումը վերաբերելի է այն իրավիճակներին, երբ հարկ վճարողի կողից հարկերի հաշվարկման ձևերն ու մեթոդները միտված են հարկերի պակաս վճարմանն ու հարկերի ռիսկային պլանավորմանը»,- հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Է. Հովհաննիսյանը:

| | |
1858 | 0
Facebook