Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Համահայկական խաղերը կարծես աշխարհի առաջնություն լինեն, բայց միայն հայերով»․ Սոնա Ասատրյան

23:10, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Համահայկական խաղերը կարծես աշխարհի առաջնություն լինեն, բայց միայն հայերով»․ Սոնա Ասատրյան

Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակներում կայացած շախմատի մրցաշարի կանանց պայքարում հաղթող դարձավ Սոնա Ասատրյանը՝ Աշտարակից։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Սոնան կիսվեց իր տպավորություններով․ «Բոլորն էլ միշտ ակնկալում են, որ կարող են հաղթել։ Ես էլ բացառություն չեմ․ ողջ մրցաշարի ընթացքում ձգտում էի դրան։ Բոլորն էլ ձգտում են առաջին տեղին, ուղղակի չէի սպասում, մի քանի ամիս չէի խաղացել ու մի քիչ հեռվացել էի իմ մարզաձևից, բայց, ամեն դեպքում, մարզական փորձս և կամքս ինձ օգնեցին, որ առաջին տեղ գրավեմ»։

Սոնան 3-րդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին․ «Առաջին անգամ չեմ մասնակցում Համահայկական խաղերին․ սա իմ երրորդ փորձն էր։ Մասնակցել եմ 2011 թվականին և 2015 թվականին։ 2015 ին երկրորդ տեղ եմ գրավել, դա էլ վատ արդյունք չէր։ Ինչ֊որ չափով փորձ ունեի, որովհետև երկրորդ անգամն էի մասնակցում խաղերին, իսկ առաջին անգամ փոքր էի ու մրցաշարն ինձ համար ուժեղ էր։ Ճիշտ է լավ էի հանդես եկել, բայց մրցանակային տեղ չէի զբաղեցրել։ Առհասարակ, Համահայկական խաղերը շատ հետաքրքիր են։ Կարծես խաղաս աշխարհի առաջնությունում, բայց միայն հայերով։ Կարծես ինչ-որ միասնություն լիներ, բոլոր հայերով ինչ-որ մի բանի շուրջ համախմբվել էինք։ Դա շատ հոգեհարազատ էր ու շատ հաճելի, որ, ապրելով դրսում, հայերը չեն մոռանում, որ հայրենիք ունեն ու, թեկուզ սպորտի բերմամբ, բայց այցելում են մեզ ու փորձում են մեզ հետ կիսել իրենց գաղափարախոսությունը, իրենց մտքերը՝ թե՛ դրսի մասին, թե՛ մեր մասին։ Հուսով եմ՝ շարունակական կլինի այս ամեն ինչը, որովհետև սա իրոք շատ կարևոր է մեր հայ ազգի համար։ Միշտ մտածում եմ, որ Համահայկական խաղերը համարվում են ինչ-որ պատմական առաջնություն, որովհետև ուշ-ուշ են անցկացվում։ Դա շատ մեծ միջոցառում է հայ ազգի համար, ու, ինձ թվում է` մարդիկ ինձ կհիշեն։ Շատ ուրախ եմ, որ աշխարհասփյուռ հայերն ինձ կսկսեն ճանաչել՝ թե՛ որպես հայ մարդ, թե՛ որպես շախմատիստուհի»։

Սոնա Ասատրյանը՝ Համահայկական խաղերի հաղթող
Սոնա Ասատրյանը՝ Համահայկական խաղերի հաղթող

Սոնան 2017 թվականին հռչակվել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, սակայն հունվարից չի մարզվում․ «Վերջին շրջանում քիչ եմ խաղում, որովհետև համալսարանում դասերս շատ են, ես ել հիմա փորձում եմ IT ոլորտում կայանալ, ու ինչ֊որ հաջողություններ գրանցել։ Բացի դրանից, մինչև դեկտեմբեր մարզվում էի Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի օլիմպիական գրոսմայստերական դպրոցում, բայց այն փակվեց, իսկ մարզիչները մեկնեցին Հայաստանից՝ այլ երկրներում այլերկրացիների մարզելու»։

Հարցին, արդյոք Համահայկական խաղերում հաղթելը խթան կհանդիսանա՝ ակտիվ սպորտ վերադառնալու համար, Սոնան պատասխանեց․ «Կարծում եմ՝ ինձ ինչ-որ խթան պետք չէ, որ ես շարունակեմ սպորտով զբաղվել, որովհետև միշտ էլ ուզում եմ խաղամ, ինձ միշտ էլ հետաքրքիր է լինելու սպորտը։ Այս հաղթանակն ինձ համար ուղղակի դրական լիցք էր։ Ես երբեք չեմ դադարելու խաղալ, ուղղակի ինչ-որ ընդատումներով գուցե։ Սա շատ լավ առիթ էր՝ հետագայում սպորտին ավելի լուրջ մոտենալու համար։ Փորձելու եմ ինչ֊որ մրցաշարերի մասնակցել՝ վարկանիշս բարելավելու նպատակով, բայց դեռ հաստատ չգիտեմ, չէ թե ուր կգնամ և երբ»։

4076 | 1
Facebook