Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ստամբուլյան կոնվենցիան պահպանողական է, այն բռնություն ենթարկվածների ապաստանի հարցն է լուծում». ԱԺ պատգամավորի և փաստաբանի պնդումները

14:35, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Ստամբուլյան կոնվենցիան պահպանողական է, այն բռնություն ենթարկվածների ապաստանի հարցն է լուծում». ԱԺ պատգամավորի և փաստաբանի պնդումները

«Իրականում կոնվենցիան պահպանողական է և որևէ նորամուծություն չի մտցնում». օգոստոսի 12-ին Մեդիա կենտրոնում՝ «Տարաձայնություններ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ն արդեն ունի կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենք, Սահմանադրությամբ ամրագրված է երկու սեռերի իրավահավասարությունը: Սրանով հանդերձ՝ կանանց դեմ բռնությունների համար առանձին գործիքակազմ է հարկավոր: Ըստ պատգամավորի՝ կան բռնության տեսակներ, որոնք տղամարդկանց հանդեպ չեն կարող լինել:

«Օրինակ՝ տղամարդկանց չես կարող հղիության արհեստական ընդհատում պարտադրել, կամ՝ արգելել աշխատել՝ զրկելով եկամտից: Նման դեպքում տղամարդը կարող է խզել հարաբերությունները և անցնել աշխատանքի: Կանանց պարագայում դա մի քիչ դժվար է»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ նկատեց, թե հանրային հարթակում քննարկվել է ամեն ինչ, բացի կոնվենցիայի անհրաժեշտությունից: Իրավաբանի դիտարկմամբ՝ կոնվենցիայով բռնություն ենթարկված կանանց ապաստանի հարցն է լուծվում: Շատ դեպքերում բռնության ենթարկված կանայք նշում են, որ իրենց տուն վերադառնալու պարագայում կարող են կրկին բռնության ենթարկվել: Փաստաբանը հիշեցրեց, որ պրակտիկայում կան դեպքեր, երբ կանայք բռնությունից պաշտպանվելու համար քրեական արարք են կատարել:

Ա. Ղարագյոզյանը նշեց, որ շահարկվում և սխալ մեկնաբանություն է տրվում կոնվենցիայում նշված զուգընկեր հասկացությանը՝ այն համարելով միասեռականների ամուսնության ընդունում: Մինչդեռ խոսքը ՔԱԿԳ-ում ամուսնությունը գրանցված լինել-չլինելու մասին է:

| | |
636 | 0
Facebook