Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Դա խոստովանում են անգամ իշխանության ներկայացուցիչները». Արման Բաբաջանյան

04:10, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Դա խոստովանում են անգամ իշխանության ներկայացուցիչները». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ շեղումը. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կատարված փոփոխությունները չեն գոհացնում որևէ մեկին: Դա խոստովանում են անգամ իշխանության ներկայացուցիչները: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած իրավիճակային, օպերատիվ կառավարմանն առնչվող խնդիրներ մինչև ու առավել ևս՝ համակարգային, հայեցակարգային հիմնախնդիրներ: Այս իրավիճակի խորքային պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն այն է, որ անցած մեկուկես տարիների ընթացքում կատարված փոփոխությունները կրել են ու կրում են ցուցափեղկային, մակերեսային բնույթ: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ այդ փոփոխված քաղաքական ու այլ ցուցափեղկերով գործում են նախկին համակարգերը՝ սկսած քաղաքական համակարգից, մինչև տնտեսական մենաշնորհային-օլիգարխիկ համակարգեր: Իր գործառույթային նշանակությամբ, սակայն, բոլոր համակարգերից ամենագլխավորը քաղաքական համակարգն է, որը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բովանդակային որևէ փոփոխության չի ենթարկվել: Ճիշտ հակառակը՝ քաղաքական համակարգն ինչ-որ իմաստով անգամ հետադիմություն է ապրել, քանի որ այսօր այդ համակարգում առանցքային դերակատարում են ստանձնել նախկին իշխանություններին սպասարկող հին ու նոր ուժերը՝ իրենց քարոզչական ենթահամակարգերով: Ամենացավալին, սակայն, խորհրդարանական քաղաքական համակարգի իներցիոն բնույթն է. մեր խորհրդարանական ուժերն այդպես էլ չադապտացվեցին նոր իրողություններին ու նոր մարտահրավերներին և այսօր էլ շարունակում են գործել նույն՝ նախկինից շարունակվող օրակարգերով, մեթոդներով ու գործիքակազմով: Ահա այստեղ է մեր քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ շեղումը կամ դեգրադացիան: Անցած քսան տարիներին Հայաստանում գործել են իրար հաջորդած երկու ավտորիտար ռեժիմներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Քաղաքական ուժերն էլ օբյեկտիվորեն, այլընտրանք չունենալով գործել են ավտորիտար իշխանությանը համապատասխանեցված ռեժիմով: Այդ ռեժիմը բացառել է որևէ գաղափարական, ծրագրային, հայեցակարգային պայքար, քանի որ քաղաքական ուժերը, ըստ էության, պայքարել են պատի դեմ: Այդ պայմաններում ուղղակի քննադատությունը մնացել է միակ գործիքը ավտորիտար իշխանության դեմ պայքարում նաև ընդհանրապես քաղաքականության մեջ: Եթե դրան ավելացնենք նաև բոլորին հայտնի այն իրողությունը, որ խորհրդարանական քաղաքական համակարգի ուժերի մի մասն ստեղծվել է ոչ առանց իշխանության մասնակցության, ստեղծվել է կոնկրետ նպատակներով, ընհանուր գնահատմամբ բուֆերային ֆունկցիա իրականացնելու համար, պատեկերն ավելի ամբողջական կդառնա: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատվել է ժողովրդավարական իշխանություն, հանրային ու պետական կյանքի բոլոր ինստիտուտները գոնե ֆորմալ առումով դեմոկրատացվել են, սակայն քաղաքական օրակարգը, քաղաքական բանավեճն ու քաղաքական պայքարը մնացել է անցյալի ճիրաններում: Մենք այսօր քաղաքական դաշտում չենք տեսնում ծրագրային, գաղափարական պայքար, մենք չենք տեսնում ընդդիմության կողմից ներկայացված այլընտրանքային հայեցակարգեր, ռազմավարություններ, ընհանուր առմամբ մենք չենք տեսնում քաղաքականություն: Թվում էր՝ նախորդ տարվա դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները պետք է լուծեին այս խնդիրը: Սակայն ընտրություններն այդ պրոբլեմը լուծեցին միայն ֆորմալիստական իմաստով, քաղաքական ուժերի բովանդակությունն այդ ընտրություններում ու դրանից հետո չփոխվեց: Արդյունքում մենք այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանը գտնվում է միանգամայն նոր հարթությունում, միանգամայն այլ խնդիրներով ու մարտահրավերներով, սակայն մենք չունենք այդ հարթությանը համապատասխան, եթե կուզեք դրան արժանի քաղաքական համակարգ: Խոորհրդարանական քաղաքական համակարգի այս վիճակին գումարվում է արտախորհրդարանական քաղաքական դաշտի դեգրադացված պատկերը: Արտախորհրդարանական քաղաքական կյանքն սպասարկում է նախկին համակարգի ռևանշի նպատակները: Այստեղ են նախկին համակարգին մաս կազմած ուժերը, ինչպես նաև նոր ցուցանակներով քաղաքական դաշտ թափանցածները, որոնք նոր լինելով ֆորմալ առումով, կրկին սպասարկում են ռևանշիզմը: Այսինքն՝ լայն իմաստով, մեր քաղաքական համակարգն ամբողջությամբ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերով, ամբողջությամբ իրենցի ներկայացնում է անցյալը, անցյալի աշխարհայացքն ու կաղապարները, անցյալի օրակարգերն ու մեթոդները: Սա վկայում է քաղաքական համակարգի հիվանդության, խեղման մասին, քանի որ նման քաղաքական համակարգով պետությունը չի կարող զարգանալ, նման քաղաքական համակարգով մենք չենք կարող խոսել ու երազել ապագայի մասին, նման քաղաքական համակարգով մենք չենք կարող կերտել այն նորը, որը դրված էր թավշյա հեղափոխության հիմքում: Շարունակելի...»:

| | |
2799 | 0
Facebook