Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եթե գոնե մեկ մարդ բռնության է ենթարկվում, ապա կոնվենցիան պետք է ընդունվի». Արթուր Սաքունց

13:10, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Եթե գոնե մեկ մարդ բռնության է ենթարկվում, ապա կոնվենցիան պետք է ընդունվի». Արթուր Սաքունց

Հանրությունը շարունակում է քննարկել Ստամբուլյան կոնվենցիայի հարցը: «Տարաձայնություններ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ» թեմայով քննարկում էր կազմակերպվել նաև «Մեդիա կենտրոն»-ում: Դրա մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ կոնվենցիայի բուն նպատակը բռնության դեմ պայքարն է:

«Եթե գոնե մեկ մարդ բռնության է ենթարկվում, ապա կոնվենցիան պետք է ընդունվի»,- պնդեց նա: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունը մերժել է բռնություն երևույթը, և այս համատեքստում անհրաժեշտ է նաև փաստաթղթային ձևակերպմամբ մերժել այն:

«Կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրը, այո՛, պետք է լուծվի: Կյանքի բոլոր բնագավառներում խտրականության դեպքերի ականատեսն ենք»:

Նա նկատեց, որ կոնվենցիայի շուրջ քննարկումներ չի տեսնում, տեսնում է միայն շահարկումներ, ինքնահաստատմանն ուղղված քայլեր: Էժանագին շահարկման հետ գործ ունենալու մասին է վկայում անգամ կոնվենցիայի անունը ընդգծելը՝ Ստամբուլյան:

«Ստամբուլում է ստորագրվել նաև Խոշտանգումների դեմ կոնվենցիան, սակայն դրա մասին չեն խոսում»,- ասաց նա:

Ա. Սաքունցը հիշեցրեց, որ նման դրսևորումներ կային նաև այն ժամանակ, երբ քննարկվում էր «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը: Այն ժամանակ էլ պնդումներ կային, թե օրենքը ստեղծվում է Եհովայի վկաների համար, և դրա ընդունմամբ բանակն ու ազգային անվտանգությունը կազմալուծվելու են:

«Օրենքն ընդունելուց հետո այն, ըստ էության, չգործեց և ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ստիպված էր փոխհատուցում տրամադրել մարդկանց, որոնց այլընտրանքային ծառայության իրավունքը ոտնահարվել էր: Պատմությունը ցույց տվեց, որ այդ բոլոր շահարկումները փուչիկ են, ոչ մի հիմք չունեն»,-հայտարարեց բանախոսը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը պնդեց, որ հասարակությունը, անգամ ԱԺ պատգամավորները չպետք է տուրք տան այդ շահարկումներին:

Կոնվենցիան պետք է ընդունվի, և այն կօգնի, որ հասարակությունն ու պետական ինստիտուտները կարողանան հաղթահարել այն դրսևորումները, որոնք կան: Եվ կոնվենցիան պարտավորություն է ոչ թե Եվրոխորհրդի, այլ ՀՀ հասարակության առջև»,- ընդգծեց Ա. Սաքունցը:

| | |
924 | 0
Facebook
COMMENT.am