Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Շարունակում են հարստանալ նախկինում ապօրինի ճանապարհով կուտակած կապիտալի հաշվին». Ա. Բաբաջանյան

12:00, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
«Շարունակում են հարստանալ նախկինում ապօրինի ճանապարհով կուտակած կապիտալի հաշվին». Ա. Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր մարդիկ ուզում են ապրել բարեկեցիկ և լինել հարուստ: Հարստությունն ու բարեկեցությունը երազանքներ են, որոնք միշտ մնում են անկատար, և երբեք ոչ ոք այնքան հարուստ չի լինում, ինչքան ցանկանում է: Սակայն եթե մի պահ շրջանցենք երազանքները և փորձենք հասկանալ բարեկեցության մասին մարդկանց առօրյա, գործնական ցանկությունները, կարձանագրենք, որ մարդիկ, որպես կանոն, ուզում են ապրել այնպես, ինչպես ուրիշները, այսինքն՝ ուզում են ապրել ուրիշների հետ համեմատելի: Եվ մարդիկ այս իրավիճակում, որպես կանոն, «ուրիշներ» ասելով՝ հասկանում են իրենց երկրի մնացած քաղաքացիներին: Եվ սա շատ կարևոր բանաձև է, ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական և պետական:

Տվյալ երկրի քաղաքացիների բարեկեցության համեմատելիությունը կարող է դառնալ այն հիմնարար գործոնը, որը ի վերջո վճռորոշ կլինի պետության զարգացման գործում: Երբ մենք բոլորս ապրում ենք մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ընդհանուր առմամբ համեմատելի, նշանակում է ազգային հարստությունը, ունեցվածքը շատ թե քիչ հավասարապես է բաշխված, և այս փաստի ազդեցությամբ մեր գիտակցության մեջ ձևավորվում է ընդհանուրի զգացողության այն պարզ բանաձևը, որը հրաշալիորեն արտահայտված է հայկական` «Մի տնից չենք, մի հալի ենք» հանրահայտ ասացվածքում: Ասել է թե՝ մենք բոլորս իրար հետ խոսելու բան ունենք, ասել է թե՝ մենք բոլորս հավասար ենք, հավասար ենք մեր վիճակի, հեռանկարների, պաշտպանվածության և անպաշտպանության մեջ: Այսինքն` բոլորիս առաջ միևնույն խնդիրներն են դրված, և մենք պետք է իրար հետ աշխատենք այդ ընդհանուր խնդիրները լուծելու համար:

Եվ ուրեմն, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այն մարդու միջև, որ չունի ավտոմեքենա, և այն մարդու միջև, որի ավտոմեքենայի արժեքը այս մյուսի ողջ կյանքում ունեցած համախառն եկամուտի կրկնակին է: Ընդհանուր բան, թերևս, կգտնվի. դա հայրենիքի զգացողության թուլացածությունն է: Առաջինը այլևս չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրեն պաշտպանել, երկրորդը չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրենից պաշտպանվել:

Հենց այս իրավիճակն է այսօր ստեղծված Հայաստանում, երբ հարուստները նախկինում ապօրինի ճանապարհով կուտակած կապիտալի հաշվին շարունակում են հարստանալ, իսկ աղքատները շարունակում են ապրել առանց նվազագույն հույսի, ասել է թե՝ ոչ թե ապրում են, այլ կյանքի ժամանակը վատնում»:

| | |
1496 | 0
Facebook
COMMENT.am