Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուները փոխհատուցում կստանան

17:35, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուները փոխհատուցում կստանան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է փոխհատուցել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վարձավճարները:

«ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:

Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը ներկայումս կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ:

Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան: Բնակիչը սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված ծախսերի հետ վճարում է նաև կոմունալ ծառայությունների դիմաց: Սակայն շատ դեպքերում կենսաթոշակառուները չեն կարողանում վճարել գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձերը: Դրա հետևանքով խնդիրներ են ծագում կացարանների տնօրինությունների համար: Նրանք հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ աջակցում են, կամ՝ մերժում խնդրանքը: Ուստի՝ առաջարկվում է պետական աջակցություն ցույց տալ սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուներին:

Փոխհատուցման գումարը հաշվարկվել է յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամսական 12 750 դրամ, որը նվազագույն կեսաթոշակի 50%-ն է: Հաշվարկների համար հիմք է ընդունվել կենսաթոշակառուների՝ վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը: Յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջինը 12 000 դրամ, այսինքն` տարեկան 144 հազար դրամ: Օրինագծի ընդունման դեպքում սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 153 հազար դրամ՝ այն նպատակաուղղելով կենսական անհրաժեշտության այլ կարիքները հոգալուն: Այսինքն՝ պետբյուջեից տրամադրվող գումարը տարեկան կկազմի 9 027 000 դրամ:

Նշենք, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվում է 200 անձ, որից 59-ը՝ միայնակ կենսաթոշակառու:

Եթե օրինագիծն օրենք դառնա, ապա ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից:

| | |
1252 | 0
Facebook