Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կենցաղային ելույթ էր․ խոսում է գաթաներից, կին-տղամարդ հարաբերություններից». Ստեփան Դանիելյան

17:30, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Կենցաղային ելույթ էր․ խոսում է գաթաներից, կին-տղամարդ հարաբերություններից». Ստեփան Դանիելյան

«Այս կառավարությունը գնում է ձախողման, կանխատեսումները լավը չեն, և հերթական անգամ փորձում է արդարացումներ գտնել: Նրա ելույթն էլ ամբողջովին կենցաղային բնույթի ելույթ էր, և տոնայնությունը ճգնաժամային վիճակում գտնվող պետության վարչապետի ելույթ չէր, խոսում է գաթաներից, կին-տղամարդ հարաբերություններից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և դրանում մատնանշված «գաղտնի փաստաթղթին»:
     Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ովքեր են փաստաթղթի հեղինակները, ո՞ւմ համար է այն կազմվել, ո՞ւմ պատվերով է կազմվել՝ կառավարությա՞ն, թե՞ ինչ-որ անկախ մարդկանց:
     «Ինչո՞ւ է այդ փաստաթուղթը գաղտնի կոչվում, որովհետև գաղտնի կոչվածը կանոնակարգվում է որոշակի օրենքներով և նորմատիվային ակտերով: Գաղտնի փաստաթուղթ հրապարակելը որոշակի պատիժ է պահանջում: Գաղտնի նշանակում է՝ չի հրապարակվում: Եթե դա նորմատիվային ակտերով գաղտնի չէ, անհասկանալի է, ինչո՞ւ է գաղտնի անվանվում»,-հարցադրում արեց քաղաքագետը:
     Ս. Դանիելյանի կարծիքով՝ հարցադրում է առաջացնում վարչապետի այն հայտարարությունը, թե 2014թ-ից Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է:
     «Եթե ձախողված պետություն է, այդ ինչպե՞ս է 5 տարի գոյատևում, այն էլ՝ պատերազմական վիճակում, ինչպե՞ս են որոշակի ինստիտուտներ աշխատում: Ձախողված պետություն ասվածը քաղաքագիտական նորմ է: Դա նշանակում է, որ պետություն այլևս չի կարողանում գործել: Նշանակում է, որ այդ պետության մեջ տարերային գործընթացներ են սկսվում, որ պետական ինստիտուտները դելիգիտիմացիայի են ենթարկվում և հանրության կողմից չեն ճանաչվում: Վարչապետի ասածը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-գնահատեց քաղաքագետը:
     Հարցին, թե ի վերջո ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարություն անելը, և առաջիկայում հնարավոր համարո՞ւմ է նաև արտաքին աշխարհի կողմից բացասական արձագանքների ի հայտ գալը, Ս. Դանիելյանը նշեց.
     «Նախ՝ նպատակի մասին: Այս կառավարությունը գնում է ձախողման, կանխատեսումները լավը չեն, և հերթական անգամ փորձում է արդարացումներ գտնել: Նրա ելույթն էլ ամբողջովին կենցաղային լուրերի վրա հիմնված ելույթ էր, և տոնայնությունը ճգնաժամային վիճակում գտնվող պետության վարչապետի ելույթ չէր, խոսում է գաթաներից, կին-տղամարդ հարաբերություններից: Եթե վարչապետն ի պաշտոնե դատարաններ է շրջափակում, եթե ասում է, որ դատական համակարգ չկա, բայց մարդիկ են այդ համակարգով դատապարտված, նրանից ամեն ինչ սպասելի է»,-ասաց քաղաքագետը: Իսկ ինչ վերաբերում է արտաքին աշխարհի արձագանքին, ապա ըստ Ս. Դանիելյանի՝ այդտեղ մեզ համար մի դրական պահ կա:
     «Վարչապետի աբսուրդային հայտարարություններին արդեն սովոր են, և ինձ թվում է, որ չեն էլ արձագանքի: Արտաքին աշխարհը վաղուց է տվել Նիկոլ Փաշինյանի գնահատականը, լուրջ չի վերաբերվում և առանձնապես ուշադրություն չի դարձնում նրա հայտարարություններին: Գիտեն, որ դեմագոգ անձնավորություն է, արձագանք չեն տալիս: Դա մեզ համար մի կողմից լավ է, որովհետև գնահատական են տալիս ոչ թե երկրին, այլ վարչապետ-անձին: Եթե արտաքին աշխարհը բաց տեքստով ասում է, որ այս մարդը պոպուլիստ է և նրան լուրջ չեն վերաբերվում, դրանից ավելի էլ ի՞նչ կարող են ասել: Նրանք տարանջատում են գործող վարչապետին և Հայաստանը: Համարում են, որ այս երկրում ինչ-որ գործընթաց է տեղի ունեցել, նախկին իշխանությունների օրոք վատ կառավարում է եղել, որը հանգեցրել է համաժողովրդական ընդվզման, փողոցից մարդ է եկել իշխանության, որը չգիտի՝ ի՞նչ պետք է անել: Արտաքին աշխարհն սպասում է, որ ժողովուրդն ինքը կարողանա ավելի լուրջ կառավարություն ձևավորել: Այնպես որ, արտաքին աշխարհը սպասման մեջ է»,-խոսքն ամփոփեց Ստեփան Դանիելյանը:

5343 | 1
Facebook