Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցում է հրապարակային փոխհրաձգության, նշանակում է` բանակցությունները ձախողված են». Դավիթ Խաժակյան

12:15, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցում է հրապարակային փոխհրաձգության, նշանակում է` բանակցությունները ձախողված են». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Երևանի աղբահանության վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց, որ «Սանիթեքի» ասուլիսի ժամանակ որևէ նոր տեղեկություն չի հնչել, բացի այդ՝ Խաժակյանի խոսքով, ասուլիսը մի քանի ամսով ժամանակավրեպ էր. «Ընկերությունից հանրությունը որևէ ակնկալիք չունի և հիմա, փաստորեն, միակ տարբերակը մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ պետք է ամբողջ թափով սկսի գործել, և հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի»,-ասաց նա:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ վերջերս Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված նոր աղբամանները հրատապությունից ելնելով են պլաստիկե, այնինչ սկզբում նախատեսվում էր ձեռք բերել երկաթյա. «Հիմա կան քննարկումներ, որ արդեն հետագա խմբաքանակները, որ պետք է գան, մենք պարտավոր ենք արդեն, գոնե, մետաղականը բերել, որովհետև, ըստ իս, երկարաժամկետ ծրագրերի մեջ մետաղյա աղբամանները շատ ավելի ճիշտ են թե՛ ծախսային առումով, թե՛ նրանց սպասարկման առումով»,-նշեց Հովհաննիսյանը:

Խաժակյանի խոսքով՝ պայմանագրային պարտավորությունների ձախողումը «Սանիթեքի» կողմից ակնհայտ է. «Ակնհայտ է նաև, որ ընկերության բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն մասով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայր, որտեղ ելումուտը ավտոմեքենաների համար վտանգավոր էր և անըդհատ վնաս էր առաջացնում: Ակնհայտ է, որ պետք էր վերանայումներ իրականացնել քաղաքապետարանի և «Սանիթեքի» համագործակցության շրջանակներում: Դա տեղի չունենալուց հետո քաղաքապետարանը ներկայումս ունի մեկ ելք՝ լուծել պայմանագիրը: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք մի քանի միլիարդ վճարում ենք մեր համայնքային հիմնարկին՝ աղբահանություն իրականացնելու համար և շարունակում ենք, ինչպես քաղաքապետը նշեց, իրենց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել. դա կազմում է տարեկան 5.2 միլիարդ»,-ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Անդրադառանալով քաղաքապետարանի և «Սանիթեքի» կողմից միմյանց հասցեին հնչած մեղադրանքներին՝ Խաժակյանը նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի մեղադրանքներն ուղղված «Սանիթեք» ընկերությանը ևս վնաս են հասցրել քաղաքին:

«Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցում է հրապարակային փոխհրաձգության, նշանակում է, որ բանակցությունները, փոխադարձ շփումները ձախողված են, որովհետև հանրային առումով, որևէ տրամաբանություն չկա կապալառուի հետ վեճի մեջ մտնել»,-եզրափակեց Խաժակյանը:

3892 | 0
Facebook