Մահացել է երգիչ Վահե Դավթյանը
Մահացել է 90-ականների ճանաչված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանը. նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: Ընկերներն ու հարազատները ֆեյսբուքյան իրենց էջում կիսվել են Վահեի լուսանկարներով ու գրել. «Խորը կսկիծով և շատ մեծ ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացավ սիրված երգիչ, հրաշալի անձնավորություն Վահե Դավթյանը»: «Ցավ ենք ապրում, մեր սիրելի Վահե Դավթյան ջան»: Ստորև ներկայացնում ենք Վահեի վերջին գրառումներից մեկը, որը նա կատարել էր հուլիսի 20-ին. «Բուժման արդյունավետությունը պարզելու նպատակով վերջերս կատարված հետազոտության արդյունքներն այնքան էլ հուսադրող չէին. ուռուցքը որոշակի չափով աճել է, սակայն չի տարածվել և մետաստազներ չկան առայժմ։ Գնահատելով իրավիճակը, բժիշկները կտրականապես արգելեցին բուժումը շարունակել քիմիաթերապիայի ճանապարհով։ Ելնելով ստեղծված իրավիճակից, անիմաստ է դառնում Ֆրանսիայում մնալը, ուստի որոշում ենք կայացրել վերադառնալ հայրենիք և շարունակել պայքարը այլընտրանքային բուժման մեթոդներով և ամերիկյան կենսաբանական թերապիայի նորագույն մեթոդներով, որոնց կիրառումը դեռևս արգելված է Եվրոպայում։ Այժմ բոլոր ջանքերն ուղղված են ավանդական դեղաբույսերով ու ճիշտ սննդակարգի միջոցով իմունային համակարգս ամրացնելուն, որպեսզի հնարավոր դառնա հետագա բուժումը։ Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ բոլորիդ, որ կողքիս եք և շարունակում եք աջակցել ինձ։ Ձեր օժանդակությունն անգնահատելի է։ Անսահման սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ ձեզ ու ձեր սիրելիների համար։ Ընդմիշտ ձեր Վահե Դավթյան»: |