Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանը չի կարող անվերջ սպասել. քաղաքը մաքրելու ենք՝ լինի դա «Սանիթեք»-ի հետ, թե առանց նրա»». Հայկ Մարության

21:10, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
«Երևանը չի կարող անվերջ սպասել. քաղաքը մաքրելու ենք՝ լինի դա «Սանիթեք»-ի հետ, թե առանց նրա»». Հայկ Մարության

«Հենց սկզբից իմ գերխնդիրը եղել է այն, որ Երևանը լինի մաքուր, ու ես իրենց ասացի՝ եթե կարողանում եք, աշխատեք ձեր պայմանագրի ներքո: Ասացին՝ կներեք, մենք շատ վատ ֆինանսական վիճակում ենք, մահացած ընկերություն ենք, խնդիրներ ունենք»,- Առաջին լրատվականի եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետը՝ ի պատասխան «Սանիթեք»-ի ներկայացուցիչների այսօրվա պնդումներին:

«Այն շարժակազմը, աղբամանների քանակը, որ իրենք ունեն, չեն կարող աշխատանք ապահովել, չեմ կարող ասել՝ դա հատուկ է արված, թե ոչ, պայմանավորված է եղել նախկին իշխանության հետ, թե ոչ...»:

Քաղաքապետը նաև նշեց, որ առաջին իսկ օրվանից ընկերությունն ասում է՝ եկեք բարձրացնենք պայմանագրի արժեքը, այսինքն՝ աղբի դիմաց վարձավճարն ավելացնել։ «Ասում եմ՝ հարգելիներս, դուք 12 տարվա պայմանագիր ունեք Երևանի հետ, էդ պայմանագրի մեջ կոնկրետ գումար է նշված, ես ի՞նչ իրավունք ունեմ այդ պայմանագրի գինը բարձրացնել»:

Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին, այրված աղբամաններին՝ Մարությանը հարցադրում հնչեցրեց. «Մինչև պայմանագիրը ստորագրելը, չեք տեսե՞լ աղբավայրը, տեսել եք, ինչո՞ւ չեք խոսել, չեք տեսե՞լ աղբի քանակը, իհարկե տեսել եք, ստեղ երկու տարբերակ կա՝ կամ պրոֆեսիոնալ չեն, կամ էն պայմանները որ տեսնում ենք թղթի վրա, ու էն պայմանները, որ իրականում պետք է լինեին, իրար հետ չեն համընկնում... Բոլորս ամեն օր դուրս ենք գալիս փողոց ու տեսնում աղբահանության վիճակը, տուգանք ենք նշանակում իրենց, ասում են՝ անհիմն է: Այսինքն, էս իրավիճակի դեպքում իրենց համար տուգանքն անհիմն է»:

Վերջում Մարությանը հայտարարեց. «Երևանը չի կարող անվերջ սպասել. քաղաքը մաքրելու ենք՝ կլինի դա Սանիթեքի հետ, թե առանց նրա: Սիրելի երևանցիներ, մեր թիմը գիշեր-ցերեկ զբաղված է աղբահանության խնդիրն օր առաջ լուծելու համար՝ մեխանիզմ համալրել և այլն, և այլն: Այն գումարները, որ կծախսվեն քաղաքապետարանի իրականացրած աղբահանությամբ, չեն գնա «Սանիթեք» ընկերությանը»:

6373 | 0
Facebook