Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀՀ-ում բացակայում է սնդիկ պարունակող արտադրանքն օգտահանելու՝ աշխարհում ընդունված պրակտիկան». Քնարիկ Գրիգորյան

09:25, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
«ՀՀ-ում բացակայում է սնդիկ պարունակող արտադրանքն օգտահանելու՝ աշխարհում ընդունված պրակտիկան». Քնարիկ Գրիգորյան

2020թ. Հայաստանը աստիճանաբար, փուլ առ փուլ շրջանառությունից կհանի սնդիկ պարունակող արտադրատեսակները: Իսկ նման արտադրանքի տեսականին փոքր չէ:

Ըստ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հ/կ ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանի՝ ցանկը ներառում է զարկերակային ճնշման չափման գործիքները, ջերմաչափերը, բջջային հեռախոսները, համակարգիչների ու նոթբուների և բյուրեղային հեռուստացույցների էկրանները, ֆլուորեսցենտային լամպերը: Արտադրանքի օգտահանումը կսկսեն հենց լամպերից:

Սնդիկ պարունակող ապրանքատեսակները շրջանառությունից հանելը Սնդիկի վերաբերյալ Ճապոնիայի Մինամատայի կոնվենցիայի պահանջն է: Մինամատան Ճապոնիայի քաղաքներից է, որտեղ էլ կնքվել է կոնվենցիան: Փաստաթուղթը ՀՀ կողմից ստորագրվել է 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, վավերացվել՝ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին, ուժի մեջ մտել 2018թ. մարտի 13-ին:

Սնդիկը չափազանց վտանգավոր նյութ է, այն կայուն է արտաքին միջավայրի հանդեպ, ունակ է կուտակվել հողում և կանաչ տնկարկներում: Բացասական ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա: Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ դրանք սպառնալիք են երեխայի զարգացման համար: Իսկ դրանից սուր թունավորումները կարող են մահացու լինել:

Շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին շրջանառությունից կհանվեն լամպերը: Դեռ մեկ տարի առաջ դրանց ներկրողները զգուշացվել են, այժմ սնդիկ պարունակող լամպեր չեն ներկրում: Առհասարակ, սնդիկ պարունակող արտադրանքի 90 տոկոսն ունի իր չպարունակող տեսակները:

Շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության պահպանման տեսակետից կոնվենցիայի պահանջներից բխող այս քայլը դրական ու սպասված է: Սակայն պնդել, թե մեր առողջությանը սպառնացող վտանգներից մեկը դրանով իսպառ կվերանա, սխալ կլինի:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հ/կ ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ում բացակայում է սնդիկ պարունակող արտադրանքն օգտահանելու ողջ աշխարհում ընդունված պրակտիկան:

«Ի սկզբանե նման արտադրանքը պետք է տեսակավորվի, ունենա հանձնման կետեր, այդտեղից տեղափոխվի անվտանգ տարածք և օգտահանվի: Մինչդեռ մեզ մոտ զարկերակային ճնշման չափման գործիքները, բջջային հեռախոսները, համակարգիչներն ու նոթբուքերը, պլաստիկե շշերը հայտնվում են կենցաղային աղբավայրում: Ավելին՝ սնդիկ ու ծանր մետաղներ պարունակող պլաստիկե շշերը երկրորդային վերամշակման են ենթարկվում: Այս ամենի բացասական հետևանքների մասին ավելորդ է խոսել».-ամփոփեց Ք. Գրիգորյանը:

Իսկ թե ինչպես են օգտահանում սնդիկ պարունակող արտադրանքը՝ տեսանյութում:

3761 | 0
Facebook