Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղաքապետ Հայկոն «փառավորապես» ձախողել է կարգին Հայկոյի նախընտրական խոստումները. «Իրավունք»

09:30, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Քաղաքապետ Հայկոն «փառավորապես» ձախողել է կարգին Հայկոյի նախընտրական խոստումները. «Իրավունք»

«Նախօրեին ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա էր իրականացնում, որի նպատակն է բարձրաձայնել Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երևանի ավագանուց և քաղաքապետից կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները։ Եվ, առհասարակ, վերջին ժամանակներս միայն ՀՑԴ-ականները չէ, որ քաղաքապետ Մարությանի նախընտրական խոստումների մասին հիշելու առիթ ունեցան։

Աղբահանություն

Ավելի կոնկրետ՝ այն վիճակը, որն այ­սօր տիրում է մայրաքաղաք Երևա­նում, պարզապես պարտադրում է հիշել քաղաքապետի նախընտրական խոստումների մասին։ Մասնավորապես՝ այն խոստումների, որոնք կետերով թվար­կում էր դերի մեջ մտածած այն ժամանակ­ներում ընդամենը դերասան Կարգին Հայկոն։ Միգուցե, նա նաեւ իր ժանրի մե՞ջ էր, հումո՞ր էր անում։ Եթե անգամ այդպես էր, ապա, մեկ է, մարդիկ հավատացին, ձայն տվեցին, ու Կարգին Հայկոյից քաղաքա­պետ Հայկոյի վերափոխված Մարությանին էլ մարդիկ պարզապես սկսել են հի­շեցնել իր իսկ ասածները։

Թերևս, արժե կենտրոնանալ այդ խոս­տումներից ներկայումս առավել ցցուն տեսք ունեցող երեք դրվագների վրա։ Այդ հոլովակի առա­ջին քայլով նա նախատեսնում էր դառնալ քաղաքապետ, և դրան անմիջապես հետևում էր «Մաքրելու ենք քաղաքը» քայ­լը։ Այսինքն՝ քաղաքապետ դառնալուն պես Հայկոն պարտավորվել է մաքրել առանց այդ էլ նախկին քաղաքապետի օրոք բավականին մաքուր, սակայն որոշա­կի թերություններ ունեցող քաղաքը։ Այ­սինքն՝ նոր քաղաքապետի գործն աղբա­հանության հարցով ընդամենը եղածի վրա գոնե մեկ քար ավելացնելն էր...

Ասենք՝ առաջ գնալու համար ժամանակ է պետք, սակայն Կարգին Հայկոն բոլորովին այլ ժամանակացույց էր ներկայացնում։ Մեջ­բերենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցած տարվա սեպտեմ­բեր 21-ին նրա արած հայտարարությունը.

«Աղբահանության հարցով միանգամից զբաղվելու ենք։ Եվ, վստահաբար, վեց ամսվա մեջ պետք է տեսնենք արդյունք­ներ...»։ Սա էր նրա մատնանշած ժամանա­կը՝ վեց ամիս, սակայն անցել է տասը։ Ուստիև ֆիքսենք, քաղաքապետ Հայկոն փայլուն կերպով ձախողել է Կարգին Հայ­կոյի թիվ 1 առաջնահերթության աշխա­տանքային խոստումը։ Ավելի կոնկրետ, այս խոստումը տալով՝ նա պարզապես խաբել է ընտրողին, և դա արդեն փաստ է։

Վերելակներ

Կարգին Հայկոյի խոստացած «Քայլ 4»–ը, կամ պրակտիկ աշխատանքնե­րի 3-րդ ծրագրային կետն էր «Բարե­կարգելու ենք վերելակները»։ Ավելի կոնկ­րետ՝ նրա տարբեր ելույթներում բնութագրմամբ. «մահաբեր վերելակները»։

Մինչդեռ այն, որ մայրաքաղաքում վե­րելակային վթարների հաճախականու­թյունը էապես ավելացել է, բոլորիս աչքի առաջ է։ Ինչո՞ւ։ Չնայած այս խոստմանը, Կարգին Հայկոն նաև հայտարարում էր, որ քաղաքապետարանը վերելակների հետ գործ չպետք է ունենա, բայց նաև հա­տուկ ընդգծելով. «Վերելակները ձեր գույքն է, բայց հասկանալով, որ ժողովուր­դը չի կարող հավաքել այդ գումարը և փո­խել վերելակները, քաղաքապետարանը պետք է վերանորոգի և հարկ եղած դեպ­քում՝ փոխի»։ Ու չնայած դրան, ընտրվելու հազիվ երկու-երեք ամիս անց, հաստատե­լով մայրաքաղաքի այս տարվա բյուջեն, վերելակների սպասարկման գումարը մոտ 3 անգամ նվազեցրին սարքելով մոտ 30 միլիոն դրամ։ Այն, որ նման նվազեցու­մը պետք է բերեր վթարների կտրուկ աճի, միանգամայն սպասելի էր, և դրա հաս­տատումը տեսնում ենք ներկայումս։ Ճիշտ է, հիմա էլ հայտարարում են «Թե չէ, այդ թիվը փոխել ենք, դարձրել 120 միլիոն»։ Թե այդ ինչպես են դարձրել, երբ քաղաքապե­տարանի պաշտոնական կայքում տե­ղադրված մայրաքաղաքի բյուջեի պաշ­տոնական փաստաթղթում վերելակների սպասարկման գումարը 30 միլիոն 779 հազար դրամ է, դա դեռ հարցի մի կողմն է։ Դրանից շատ ավելի կարևոր է այն, որ անգամ 120 միլիոնը բավարար չէ՝ վերե­լակների հարցում Կարգին Հայկոյի «քա­ղաքապետարանը պետք է վերանորոգի և հարկ եղած դեպքում փոխի» խոստումը կատարելու համար։ Հիմա կասեն՝ բա փո­ղը քիչ է, հազիվ այդքան ենք հատկացնում։ Բայց եթե փողը քիչ է, ապա ինչո՞ւ քաղաքապետ Հայկոն ձմռանը 100 միլիոնանոց տոնածառ գնելու փոխարեն, այդ փողը չտվեց վերելակներին։ Կամ քաղա­քի մաքրման համար մի երկու միլիարդ ավել փող որտեղի՞ց։ Նախկին «հանցա­վոր ռեժիմի» ծախսած չափով հատկաց­նեիք, քաղաքն առաջվա նման մաքրեիք, ու այդ 2 միլիարդն էլ ուղղեիք վերելակնե­րին»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

4116 | 1
Facebook