Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ չեք ուզում բացահայտել, պարոնա՛յք». ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» գործը

14:30, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
«Ինչո՞ւ չեք ուզում բացահայտել, պարոնա՛յք». ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» գործը

2015-ի ամռանը Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրգործը ՀՔԾ-ն կրկին կասեցրել է: «Խոսքի ազատության» պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, ի սկզբանե ձևական մոտեցում էր ցուցաբերվում այս գործին, և ակնհայտ էր, որ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն չկա։ «Հիշեցնեմ, որ այս տարվա մարտին ՀՔԾ-ն մեկ անգամ արդեն կասեցրել էր գործը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» ծայրահեղ վիճահարույց պատճառաբանությամբ։ «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկեցին այս որոշումը, և ՀՀ դատախազությունն ապրիլի 15-ին վերացրեց այն ու հանձնարարեց ՀՔԾ-ին վերսկսել նախաքննությունը։ Հիմա այդ ծառայությունը կրկին կասեցնում է գործը։ Կարծես՝ պինգ-պոնգ է խաղում։ Իսկ մենք նույն համառությամբ բողոքարկելու ենք. դատախազություն, եթե պետք լինի՝ դատական ատյաններ, եթե պետք լինի՝ Եվրոպական դատարան… Ինչպես բողոքարկում ենք «Սարի թաղի» գործը կասեցնելու մասին ՀՔԾ-ի որոշումը… Այդ իրադարձությունները մոռանալու բան չեն. երկուսում միասին 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ ֆիզիկական բռնությունների, հետապնդումների ու ճնշումների ենթարկվեցին ոստիկանների կողմից, բազմաթիվ տեսախցիկներ ջարդվեցին, նկարահանված տեսանյութեր ոչնչացվեցին... Ինչո՞ւ չեք ուզում բացահայտել այս ամենը, պարոնայք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Խոսքի ազատության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ 2015-ի հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները բռնի ուժով, ջրցան մեքենայի գործադրմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով ցրեցին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին:

4416 | 0
Facebook