Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանադրական դատարանը քննության կառնի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա գործը

11:45, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Սահմանադրական դատարանը քննության կառնի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա գործը

ՀՀ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին քննության կառնի ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա գործը: Այդ մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից: Դիմումի պահանջը հետևյալն է՝ որոշել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, իսկ 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին: 135-րդ hոդվածի վիճարկվող 2-րդ մասով սահմանված է, որ «կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը, մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելը, քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց խուսափելը, դատարանի դատավճռի կատարմանը խոչընդոտելը:

Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել Ազգային ժողովը:

5380 | 0
Facebook