Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի նոր բիզնեսները. պատգամավորն ապօրինի ձեռնարկատիրությա՞մբ է զբաղվում. FIP

10:00, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
Գագիկ Ծառուկյանի նոր բիզնեսները. պատգամավորն ապօրինի ձեռնարկատիրությա՞մբ է զբաղվում. FIP

«Փաստերի ստուգման հարթակը» (հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան) հոդված է հրապարակել Գագիկ Ծառուկյանի նոր բիզնեսների վերաբերյալ.

«Մինչ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին քննարկվում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը և նրան պատգամավորական մանդատից զրկելու հիմքերը, նույն շրջանում ԲՀԿ առաջնորդը նոր ընկերություններ է հիմնել՝ դրանցում հանդես գալով որպես բաժնետեր։

«Ծառուկյան քոթթոն ռոդ». նոր ընկերություն՝ հին բամբակագործի հետ

Այս տարվա ապրիլի 11-ին ստեղծվել է «Ծառուկյան քոթթոն ռոդ» ՍՊԸ-ն։ Ընկերության բաժնեմասերի 70 տոկոսը Գագիկ Ծառուկյանինն է, 20 տոկոսը՝ Գագիկ Խաչիկյանինը, 5 տոկոսը՝ սիրիացի գործարար Ամմար Սաբբաղինը, և 5 տոկոսը՝ Ֆրանսիայի քաղաքացի Ֆաուզի Ակֆալիինը։ Ընկերությունն Արաքս գետի ափին հիմնել է բամբակի դաշտեր, մտադիր է նաև կազմակերպել արտահանում, ստեղծել տրիկոտաժի արտադրություն։ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ պարբերաբար ներկայացվում են ընկերության աշխատանքները։ Մայիսի 17-ին հեռարձակված ռեպորտաժում, օրինակ, մի քանի անգամ հնչում է այն միտքը, որ օտարերկրյա ներդրողները չէին կատարի ներդրում, եթե չլիներ Ծառուկյանի անձը։

Ծառուկյանի գործընկեր Գագիկ Խաչիկյանը նոր չէ բամբակի արտադրության ոլորտում և հասցրել է հայտնվել մի շարք աղմկահարույց միջադեպերի կիզակետում։ «Սիվիլնեթը» պարզել էր, որ անցյալ տարի Խաչիկյանը ստեղծել էր «Ուզբեկ տեքստիլ գրուպը», աշխատանքի էր հրավիրել տաջիկների, որոնց մի մասին հետագայում հրաժարվել էր աշխատավարձ վճարել։ Տաջիկները բողոքի ակցիաներ անցկացրին, բարձրացած աղմուկից հետո վճարվեցին ու հեռացան Հայաստանից։

«Սիվիլնեթը» գրել էր նաև, որ Խաչիկյանը Ծովազարդի տեքստիլի ֆաբրիկայի սեփականատերն է, որը չի կատարել խոշոր չափով վարկային պարտավորություններ։ Ի դեպ, Խաչիկյանը երկու անգամ մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։

Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նորաստեղծ ընկերությունն արդեն հասցրել է հարկային պարտքեր կուտակել. պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան քոթթոն ռոդին» ծանուցել էավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասի։

Ծառուկյանի նոր ընկերությունները

Հունիսի 4-ին Գագիկ Ծառուկյանը հիմնել է երկու նոր ընկերություններ՝ «Մուլտի թրաքսը» և «Մուլտի պրոպան գազը»։ Առաջինի միանձնյա բաժնետերը Ծառուկյանն է, իսկ տնօրենը՝ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Գրասենյակն էլ Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու-կոնյակի-օղու գործարանի շենքում է։ Հարկ վճարողների փնտրման համակարգում հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում «Մուլտի թրաքսը»։

Նույն համակարգով հնարավոր չէ պարզել նաև, թե ինչ գործունեություն է ծավալում ԲՀԿ ղեկավարի մյուս ընկերությունը՝ «Մուլտի պրոպան գազը»։ Այս ընկերությունում Ծառուկյանի բաժնեմասը 50 տոկոս է։ Մյուս 50 տոկոսն Ուկրաինայի քաղաքացի Հովհաննես Հովսեփյանինն է։ Նա բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահն է։ Այս կազմակերպությունը ստեղծվել է՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հակակշռելու համար (դրա ղեկավարը Արթուր Գևորգյանն է՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան)։

Հունիսի 17-ին ԲՀԿ առաջնորդը հիմնել է մեկ այլ ընկերություն ևս՝ «Մուլտի թրեյդ հաուս»։ Ծառուկյանն այստեղ ունի 70 տոկոս բաժնեմաս։ Մնացած 30 տոկոսը Ստեփանակերտի բնակիչ Դմիտրի Սարկիսյանինն է։

Հուլիսի 15-ին էլ հիմնվել է «Գոլդ սիլվեր չեյն քամփնին»։ Հարկ վճարողների փնտրման համակարգում այս ընկերության մասին տվյալներ չկան։ Բաժնեմասերը բաժանված են 50/50 հարաբերակցությամբ։ Ծառուկյանից բացի բաժնետեր է Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Վարդի ինվեստ ԼԹԴ» ընկերությունը։

Ծառուկյանը խախտո՞ւմ է Սահմանադրությունը

Սահմանադրության 95-րդ հոդվածը միարժեքորեն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ընդ որում, «Հանրային ծառայության մասին» օրենքով և Քաղաքացիական օրենսգրքով տրված «ձեռնարկատիրական գործունեության» տերմինի սահմանումը, ըստ էության, ենթադրում է, որ շահույթ հետապնդող իրավաբանական անձ գրանցելը ևս ձեռնարկատիրական գործունեություն է:

«Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով սահմանվում է, որ «պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման»։ Այլ կերպ ասած, հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքը վերաբերում է այն բիզնեսներին, որոնք պատգամավորը կարող էր ունենալ նախքան ընտրվելը (երբ դրա իրավունքը ուներ), իսկ ընտրվելուց հետո պատգամավորը բիզնես ստեղծելու իրավունք չունի, և այդ իսկ պատճառով օրենքով նույնիսկ նախատեսված չէ պատգամավորության ընթացքում ստեղծված բիզնեսի՝ հավատարմագրային կառավարման հանձնելու որևէ այլ մեխանիզմ: Արդ, Ծառուկյանի կողմից նոր ընկերություններ ստեղծելն ուղղակիորեն է հակասում սահմանադրական պահանջին:

Բիզնեսում ակտիվությանը զուգահեռ՝ պատգամավորական աշխատանքում Գագիկ Ծառուկյանը պասիվություն է դրսևորում։ Ըստ Parliament monitoring կայքի, 7-րդ գումարման խորհրդարանում Ծառուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ դեռ հանդես չի եկել։ 191 քվեարկություններից 82-ի դեպքում էլ բացակայել է։ Օրենքն ամրագրում է, որ պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ աշխատանքային գործունեության նկատմամբ։ Ու չնայած օրենսդրական նախաձեռնությամբ պատգամավորը հանդես չի եկել, բիզնես նախաձեռնությունների հարցում նա որևէ կաշկանդվածություն, կարծես, չի դրսևորել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8770 | 0
Facebook