Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը». Ռոբերտ Քոչարյան

13:50, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
«Ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին:

- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:

- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:

- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:

- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

- Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:

- Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:

- Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:

- Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները:

- Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:

- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:

Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8882 | 2
Facebook