Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան Հայաստան. խոստանում են ՀՀ ԱԳՆ-ն ու Քաղավիացիայի կոմիտեն

11:55, ուրբաթ, 26 հուլիսի, 2019 թ.
Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան Հայաստան. խոստանում են ՀՀ ԱԳՆ-ն ու Քաղավիացիայի կոմիտեն

«Ավիափոխադրողի հետ բանակցություններ են տարվում, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորության դեպքում վերադառնան հայրենիք». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա դժվարացավ նշել, թե մոտակա թռիչքը ո՞ր ժամին է նախատեսված, դա կախված է բանակցությունների տևողությունից:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային կարգավորումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը MAMUL.am-ին հայտնեց, որ նախնական տվյալներով՝ Եգիպտոսի ժամանակով ժամը 17:00-ին նախատեսված է թռիչքը: Սակայն ընթացիկ շեղումները բացառված չեն: ՀՀ քաղաքացիները հայրենիք կվերադառնան «Օրինջ Թու Ֆլայ» ավիաընկերության օդանավով:

«Այս պահին ունենք կուտակված խնդիր: Սկզբում կտեղափոխվեն հուլիսի 24-ին չկայացած չվերթի ուղևորները»,- նշեց Ս. Փայասլյանը: Նա չբացառեց, որ վերադարձի ցանկություն կարող են հայտնել նաև նրանք, որոնց վերադարձը ավելի ուշ ժամկետի է նախատեսված, սակայն կցանկանան ժամկետից շուտ հանգիստը կիսատ թողնել և վերադառնալ Հայաստան:

Հարցին՝ հստակ թվային տվյալ ունե՞ն, թե ՀՀ քանի քաղաքացի է Եգիպտոսում, մինչ այժմ նշվել է 100-ից ավելին, վարչության պետի տեղակալն ասաց. «100-ից ավելին այն ուղևորների թիվն է, ովքեր արդեն հստակ է, որ չեն կարողանում Հայաստան գալ: Դեռևս ճշտվում է թիվը այն ուղևորների, ովքեր հետագա չվերթների չսպասարկվելու պատճառով չեն կարողանալու վերադառնալ Հայաստան: Մեր դեսպանն այնտեղ օպերատիվ աշխատում է»:

Ըստ Ս .Փայասլյանի՝ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացի բոլոր ուղևորներին հայրենիք վերադարձնելու համար ամենայն հավանականությամբ 3-4 չվերթի կարիք կլինի:

«Դեպի Հուրգադա 4 ավիաընկերություն է թռիչք իրականացնում, հնարավոր է՝ մի ավիաընկերությամբ մեկնեն, մեկ այլ ավիաընկերությամբ վերադառնան, այնպես որ, դեռ ճշգրտվելիք հարցեր կան»,- ընդծեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվել են մի քանի տարբերակներ:

«Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,- գրել է Վ. Սիսեռյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի:

5711 | 0
Facebook