Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանությունն այժմ ոչինչ չի անում, բացի դատական համակարգը սեփական իշխանության ներքո դնելու փորձից». քաղտեխնոլոգ

10:10, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
«Իշխանությունն այժմ ոչինչ չի անում, բացի դատական համակարգը սեփական իշխանության ներքո դնելու փորձից». քաղտեխնոլոգ

«Այսօրվա, ինչպես նաև նախորդ տարիների իշխանությունները տարբեր պատճառաբանություններով ցանկացել և ցանկանում են դատական համակարգը դնել մեկ մարդու վերահսկողության տակ, Սահմանադրական դատարանում էլ ստանալ այնպիսի կազմ, որը 2-րդ նախագահի հետ կապված գլխավոր իշխանի համար ցանկալի որոշումներ կընդունի». MAMUL.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից անցել է 1 տարի 3 ամիս, սակայն ներքաղաքական հարցերի վերաբերյալ որևէ օրակարգ չկա: Միակ օրակարգը Քոչարյանի շուրջ գործընթացներն են:

Քաղտեխնոլոգը, անդրադառնալով 7 կուսակցությունների («Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Մեկ Հայաստան», ՀՅԴ, Ռամկավար Ազատական, Հայաստանի Դեմոկրատական) տարածած հայտարարությանը, որտեղ ներկայիս քաղաքական իշխանության գործունեությունը դատական իշխանության լիակատար յուրացում է որակվում, նշեց, որ այնտեղ շատ հարցեր կան, որոնք արժանի են քննարկման:

«Կառավարությունը պետք է տա Սահմանադրական դատարանի որոշման, դատական բարեփոխումների չգոյության հետ կապված հարեցերի պատասխանները: Իշխանությունն այժմ ոչինչ չի անում, բացի դատական համակարգը սեփական իշխանության ներքո դնելու փորձից»,- գնահատեց նա:

Ինչ վերաբերում է հայտարարությունը ստորագրելու գլխավոր նպատակին, ապա այն փիար է, թե՝ տեսեք-տեսեք, 7 կուսակցություն միավորվել է:

«Երբ 7 կուսակցություն են ստորագրում, դրանից հետո այդ կուսակցությունների գործունեությունը որոշ ժամանակ քննարկման առարկա է դառնում, սակայն կարճ ժամանակ անց մոռացվում»:

Մինչդեռ իրականում այդ կուսակցություններից միայն մեկն է՝ ՀՅԴ-ն, որ ազդեցություն ունի. անցյալ տարվա ընտրություններին 3,9 տոկոս ձայն էր ստացել: Մնացածն արդարադատության նախարարությունում գրանցված, շատ հաճախ մարդ-կուսակցություններ են, որտեղ բացի՝ մեկ կամ մի քանի հոգուց, այլ ներկայացուցիչ չկա:

«Ավելի լավ է՝ այդ կուսակցությունները մինչև այդ հայտարարությունն անելը նախ՝ իրենք ուշադրություն դարձնեին և մտահոգվեին իրենց գոյություն չունեցող կարգավիճակով, հետո նման հայտարարությունը ստորագրեին»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը չբացառեց, որ առաջիկայում ներքաղաքական դաշտում վերադասավորումներ կլինեն՝ միավորումներ, ուժերի բաժանումներ, որովհետև հիմա քաղաքական տեսակետից քաոտիկ իրավիճակ է:

5369 | 0
Facebook