Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Քոչարյանի և Սարգսյանի ստեղծած Հանրայինը պետք է չփոխվի, այդ դեպքում ինչո՞ւ է Քոչարյանը բանտում, և ինչո՞ւ է Սարգսյանը զրկված իշխանությունից». Տիգրան Պասկևիչյան

13:30, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
«Եթե Քոչարյանի և Սարգսյանի ստեղծած Հանրայինը պետք է չփոխվի, այդ դեպքում ինչո՞ւ է Քոչարյանը բանտում, և ինչո՞ւ է Սարգսյանը զրկված իշխանությունից». Տիգրան Պասկևիչյան

«Եթե Քոչարյանի և Սարգսյանի ստեղծած հանրային կառույցը պետք է չփոխվի, այդ դեպքում ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը բանտում, և ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը զրկված իշխանությունից: Եթե դատավորներով զբաղվում են, հանրային հեռարձակողով ինչո՞ւ չեն զբաղվում». հուլիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ծառայո՞ւմ է հանրությանը» թեմայով քննարկմանը հայտարարեց լրագրող, հրապարակախոս, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը:

Քննարկում որպես այդպիսին տեղի չունեցավ, որովհետև դրան հրավիրված «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը, Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տարբեր պատճառներով չէին ներկայացել:
     Տ. Պասկևիչյանը, անդրադառնալով Հանրային հեռուստատեսությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր և հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի համացանցային երկխոսությանը, նշեց, որ անձնական որևէ խնդիր գրածի մեջ չկա:

«Չի կարող անձնական խնդիր լինել Արա Շիրինյանի հետ, որն իմ 30 տարվա ընկերն է, 24 տարի անդադար միասին ենք աշխատել: Իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող որևէ խնդիր լինել, որովհետև երբ ես մայիսի 1-ին անցա աշխատանքի, նրան երևի 2 անգամ էի տեսել, անձամբ չեմ ճանաչել»:

Բանախոսը նշեց, որ երբ ինքն աշխատանքի անցելուց հետո ուսումնասիրել է համակարգը, հանգել է այն եզրակացության, որ փոփոխությունները պետք է սկսել ղեկավարությունից:

Փոխել ղեկավարին ու ղեկավար կազմը, իսկ մնացած կազմը ձևավորել մրցույթի միջոցով, ինչպես եղել էր Հանրային ռադիոյի դեպքում:

Ըստ Տ. Պասկևիչյանի՝ ինքն առաջարկել է լայնորեն բացել դռները դրսի հեղինակների ու ընկերությունների առջև: Դա մասամբ է կատարվել, 555 հայտ է ստացվել, սակայն մինչ օրս չկա դրանք ընտրելու անաչառ մեխանիզմ, և ինքը դիմել է լրագրողական կազմակերպություններին՝ անկախ հանձնաժողով ձևավորելու խնդրանքով: Անդրադառնալով հեռուստաընկերության արբանյակային հեռարձակմանը՝ ասել է, որ մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Սփյուռքը ստանում էր դատարկ բովանդակություն:

«ՀՀ-ում կա մի արատ՝ չեն ուզում ինչ-որ բան շարժել, որպեսզի լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք չլինի»,-հայտարարեց ՀՌԱՀ խորհրդի ղեկավարի նախկին խորհրդականը:

Նա պնդեց, որ Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, Այն ստեղծվել է որպես մի երկճյուղ մարմին: Դրանցից մեկը լրատվական-քաղաքական բլոկն է, որն ունի 1 խնդիր՝ ծառայել իշխանություններին, մյուս ճյուղը հ/ը մնացած մասն է, որը կոչում ուներ զբաղեցնել և շեղել հանրությանը կարևոր խնդիրներից:

«Եթե դուք վերջին 5 տարում կգտնեք Հանրայինով հեռարձակված մի հաղորդում, որն արծարծել է հանրային նշանակություն ունեցող մի խնդիր, խնդրում եմ՝ ինձ ասեք»,-գնահատեց Տ. Պասկևիչյանը: Նա պնդեց, որ Հանրայինի համակարգը դեռ ռոբասերժական համակարգն է:

Հարցին՝ Հանրայինն այսօր Նիկոլ Փաշինյանի Հայաստա՞նն է ներկայացնում, բանախոսն ասաց՝ Հ1-ն այսօր ոչինչ չի ներկայացնում: Դիտարկմանը, թե իր գնահատականներում խնայո՞ւմ է Հ1-ի 90-ականների շրջանը, Տ. Պասկևիչյանը նշեց, որ 90-ականն թթ, հ/ը-ն ուներ պետական կարգավիճակ, և այն ծառայեցնում էր իրեն: 2000թ, հեռուստաընկերությունը դարձել է հանրային: Իսկ հանրությունը հ/ը համար ոչ թե սպառող, այլ ռեսուրս պետք է լինի:

«Հանրայինը ոչ թե պետք է պայքարի վարկանիշի համար, այլ հանրային ռեսուրսն օգտագործելով՝ ստեղծի վարկանիշ»,- սահմանեց բանախոսը:

6277 | 0
Facebook