Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2018-ին ներմուծվել է 67000 մեքենա, այս ամսվա վերջին արդեն ներմուծված կլինի 70000 մեքենա». Շուշան Ներսիսյան

13:05, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
«2018-ին ներմուծվել է 67000 մեքենա, այս ամսվա վերջին արդեն ներմուծված կլինի 70000 մեքենա». Շուշան Ներսիսյան

ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ.

Ուզում եմ հրապարակել որոշ թվեր, ապա հանրությանը տեղյակ պահել արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների մասին:

2018թ-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի և կունենանք մոտ 70000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

Կատարված աշխատանքներ

Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանեցինք 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրինք 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը Նորագավիթում:

Սպասվող փոփոխություններ

-Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից
     -մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին
     -«Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում

Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»:

6375 | 0
Facebook