Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Շատ դեպքերում անտառապահ չեն կարողանում գտնել, որովհետև նրանցից շատերն արդեն դատվածություն ունեն». Նազելի Վարդանյան

10:45, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
«Շատ դեպքերում անտառապահ չեն կարողանում գտնել, որովհետև նրանցից շատերն արդեն դատվածություն ունեն». Նազելի Վարդանյան

«Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանում, դա վատ կառավարման արդյունք է: Անտառտնտեսությունը պետք է կա՛մ վարչապետին ենթարկվի, կա՛մ կառավարության կազմում լինի, հակառակ դեպքում՝ մենք մեր անտառները չենք կարողանա պահպանել». MAMUL.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը:

Հիշեցնենք՝ օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, և քրեական գործեր են հարուցվել: ԱԱԾ ղեկավարը պնդել էր, որ խնդիրը ստանալու է լուծում, որը գոհացնելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը:

Նազելի Վարդանյանը հարցի լուծումը ոչ թե քրեական պատիժներ իրականացնելու, այլ համակարգային փոփոխությունների մեջ է տեսնում: Նա պնդում է, որ պետք է միմյանցից տարանջատվեն անտառների կառավարումն ու անտառների վերահսկողությունը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որը դարձել է Անտառային կոմիտե, պարբերաբար մի նախարարությունից մեկ այլ նախարարության կազմի մեջ են մտցնում: Հիմա այն շրջակա միջավայրի նախարարության կազմում է, ինչը սխալ է: «Այդտեղ շահերի բախում կա: Օրինակ՝ շրջակա միջավայրի նախարարությունը (նախկին բնապահպանության) հանքերի փորձաքննություն էր անում, իսկ այդ հանքերը կարող են լինել անտառային տարածքներում: «Հայանտառը» դեմ էր արտահայտվում, և ինչ-որ բաներ հնարավոր էր լինում կանխել: Հիմա նույն կառույցի կազմում ինչպե՞ս կարող է Անտառային կոմիտեն դեմ արտահայտվել, և անտառը պահպանել»,- նշեց նա:

Բնապահպան-իրավաբանի բանաձևմամբ՝ առաջին հերթին անտառապահների պահաբաժինները պետք է պակասեցվեն: Մեկ անտառապահին պահպանության համար մեծ բաժին է հատկացվում, ինչն իրատեսական չէ: Պետք է անտառապահին տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, պաշտպանվելու համար զենք տրամադրել, աշխատավարձը բարձրացնել:

«Անտառապահի աշխատանքը վտանգի հետ է կապված, նա չպետք է գայթակղվի գումար վերցնելու հեռանկարով: Ոչ մի բան չունի, նրան տալիս են 70-80 հազար դրամ աշխատավարձ, պահպանության ենթակա մեծ պահաբաժին ու ասում են՝ գնա պահպանի՛ր: Ինչպե՞ս պահպանի: Նա խախտումներ հայտնաբերելու ոչ մի շահագրգռվածություն չունի: Խորհրդային տարիներին անտառապահի կազմած ակտերից ու տուգանքներից գոյացած միջոցների 20 տոկոսը ստանում էր անտառապահը՝ որպես պարգևավճար: Տուգանքները փոխանցվում էին ոչ թե պետբյուջե, այլ անտառային ֆոնդ, որտեղից էլ բաշխվում էին պարգևավճարները»:

Հիմա ակտերը փոխանցվում են իրավապահ մարմիններին, որոնք էլ կարգավորում են հարցերը:

Նազելի Վարդանյանի դիտարկմամբ՝ անտառապահի սակավ ռեսուրսների պարագայում վերջնարդյունքում անտառապահն է դառնում պատասխանատվություն կրողը:

«Շատ դեպքերում անտառապահ չեն կարողանում գտնել, որովհետև նրանցից շատերն արդեն դատվածություն ունեն»,- նկատեց Ն. Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ դեռևս 2005թ. կառավարությունը հաստատել է Անտառի ազգային ծրագիրը: Սակայն դրանով ամրագրված միջոցառումները կիսատ-պռատ են արվում:

«Չէ՞ որ անտառը երկրի համար կենսական նշանակություն ունի: Այն և՛ կլիմայի կարգավորիչ, և՛ ջրի պաշարների, և՛ կենսաբազմազանության պահպանման գործառույթ ունի: Անտառը վերացնելով մենք ամեն ինչ ենք վերացնում՝ և՛ տնտեսապես, և՛ էկոլոգիապես»,- նշեց նա:

Բնապահպան-իրավաբանը նկատեց նաև, որ համակարգային փոփոխություններին զուգահեռ՝ պետք է սոցիալական ծրագրեր էլ իրագործել, որովհետև անտառահատումներն իրենց հիմքում սոցիալական են. անտառը հատում են տուն ջեռուցելու համար:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենն այդ համատեքստում նշել էր, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվել է մի տարբերակ, որ պետությունը կարգավորի անտառի փայտի հավաքումը: Անտառ մտնեն ոչ թե քաղաքացիները, այլ պետությունը. համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի փայտը, անտառից դուրս հանի ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանի քաղաքացիներին:

| | |
1587 | 0
Facebook
COMMENT.am