Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բիզնես-առաջադրանքը՝ նորարար մտքի խթանման միջոց

16:35, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Բիզնես-առաջադրանքը՝ նորարար մտքի խթանման միջոց

«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է:

Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» (ՀՊՆ) ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 110 աշակերտ՝ հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:

Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես-առաջադրանք. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում ուսումնասիրել «X» և «Y» սակագնային պլանները և ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում «X» և «Y» սակագնային պլանների հետագա զարգացումը: Մրցույթի մասնակիցներն առաջարկել են նաև նոր ու հետաքրքիր մտքեր, որոնք հետագայում կարող են կիրառվել նաև որպես բիզնես-լուծում:

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ողջունում եմ բիզնես-առաջադրանք ստացած բոլոր պատանիներին: Ձեր առջև դրված է խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ունենալ մտքի ճկունություն, վերլուծելու կարողություն, հարցերը բազմակողմանի դիտարկելու ցանկություն և մի փոքր էլ՝ խիզախություն: Վստահ եմ, որ դուք տիրապետում եք այդ ամենին, քանի որ պատանեկության տարիքին հատուկ են վառ երևակայությունն ու համարձակությունը: Կրթական այս մոդելը կարևոր է՝ տարբեր հմտություններ զարգացնելու և ստացած գիտելիքները գործնական հարթության մեջ կիրառելու տեսանկյունից: Փորձեք մրցույթից քաղել օգտակարը և կատարելագործել ձեր մտքի ճկունությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 12 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են սմարթֆոններով:

Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՊՆ կազմակերպության միջև կնքված հուշագրի: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայնքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 7000 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնեսպլան, ինչ են բիզնես էթիկան և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել և դրանք կիրառել գործնականում: Ծրագրի շնորհիվ պատանիները սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կայքէջում` www.jaarmenia.org հասցեով:

7134 | 0
Facebook