Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Բռնել այն մարդկանց ձեռքը, ովքեր ատելության խոսքը դարձրել են կենսակերպ

14:00, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
Բռնել այն մարդկանց ձեռքը, ովքեր ատելության խոսքը դարձրել են կենսակերպ

ՀՀ-ում ևս պետք է օրենսդրորեն կարգավորվի ատելության խոսքը: Հուլիսի 19-ին նման թեմայով քննարկում էր կազմակերպվել: Ըստ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ պատգամավորները ևս գրեթե ամեն տարի պարտադիր քննարկում են ատելության խոսքը, բռնության կոչերը սոցիալական մեդիայում օրենսդրորեն կարգավորելու հարցը:

Նրա վկայությամբ՝ ԵԽԽՎ-ում քննարկել են խնդիրը, փորձել գտնել այն նուրբ սահմանը, որ արվածը խոսքի ազատության սահմանափակում չդիտարկվի:

Նա նշեց, որ 2017թ. հունիսի 30-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է օրենք, ըստ որի քրեականացվում է ատելության խոսքը սոցիալական մեդիայում: 50 մլն եվրո տուգանք է սահմանված նրանց համար, ովքեր շարունակաբար չեն հեռացնում ատելության խոսքը և ֆեյք նյուզերը սոցցանցի էջերից:

Եվրոպական շատ երկրներում ևս՝ Բելգիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Լատվիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա ատելության խոսքի համար քրեական պատիժ է սահմանված:

Նաիրա Զոհրաբյանը դեռ չի կարող ասել, թե ՀՀ-ում ինչ ճանապարհով պետք է գնալ: «Սակայն պետք է բռնել այն մարդկանց ձեռքը, ովքեր ատելության խոսքը դարձրել են կենսակերպ»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ միջազգային ստանդարտները սկսել են խստացնել սոցցանցերի մոդերատորների պատասխանատվությունը: Այսինքն՝ եթե մոդերատորը հնարավորություն ունի հեռացնել ատելության խոսքը և դա չի անում, ապա պատասխանատվության է ենթարկվում նաև հենց ինքը:

Հայրենի օրենսդրության մեջ ատելության խոսքի պատժի դրույթներ չկան, կա միայն մի դրույթ՝ ատելության խոսքի վրա ծանրագույն հանցանք կատարելը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ գերդոզավորված ատելության խոսքի տարածումը սկսվեց ու ակտիվացավ մեկ տարի առաջ, երբ մի քաղաքական ուժի հանդեպ ատելության խոսք էր տարածվում, այն հասել էր այդ գործիչների ընտանիքներ, մահվան ժապավեններ էին փակցնում:

«Երբ պետության առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով՝ դատավորները վնգստում են, այդ ոչ նորմատիվային լեքսիկոնը բերում է այն ատելության խոսքին, որն այսօր կա: Երբ ՀՀ վարչապետը խոսեց պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու մասին, հայհոյանքի ծավալը համացանցում ավելացավ 200 տոկոսով: Դա կենտրոնացված կառավարվում է Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի կողմից»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը: Նրա հետ համաձայնեց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ ավելացնելով, որ ատելության խոսքի խտացումն արվել է հասակությունը սևերի ու սպիտակների բաժանելու մթնոլորտում:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնեց, որ իրենք դիտարկում են իրականացրել և պարզել են, որ ամեն 5-րդ կին սոցցանցում հայհոյանք է գրում: Վերջերս անգամ հայտնաբերել են, որ հայհոյող կանանցից մեկը մանկապարտեզներից մեկում դաստիարակ է աշխատում, հիմա փորձում են պարզել՝ ո՞ր մանկապարտեզում:

Բանախոսի վկայությամբ՝ իրենք նման մարդկանց հրապարակայնացնում են, որպեսզի հանրությունը զգուշանա նման կանանցից:

| | |
1760 | 0
Facebook