Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՍԴ գործող անդամների նկատմամբ հոգեբանական ցանկացած ճնշում անթույլատրելի է». Ավետիք Չալաբյան

03:10, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
«ՍԴ գործող անդամների նկատմամբ հոգեբանական ցանկացած ճնշում անթույլատրելի է». Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բացառիկ հարցազրույցի զգալի մասը նվիրեց Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակին՝ առայժմ չանդրադառնալով մնացած բարձրացված հարցերին: Կուզեի արձագանքնել նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը, և կիսվել որոշակի նկատառումներով։

ա) վարչապետ Փաշինյանի պնդումը, որ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը ընտրվել է նախորդ ԱԺ կողմից, և դրանով իսկ լեգիտիմ չի, իրավական և քաղաքական որևէ քննության չի դիմանում։ Վարչապետ Փաշինյանը ինքը եղել է այդ ԱԺ կազմում պատգամավոր, 2017 թ ապրիլին պատգամավոր ընտրվելուց հետո ընդունել է ընտրությունների արդյունքները և ԱԺ լեգիտիմությունը, և ավելին՝ հենց այդ ԱԺ կողմից էլ ի վերջո ընտրվել է վարչապետ 2018 թ մայիսին։ Ուստի, եթե ինքն ընդունում է սեփական ընտրության արդյունքները, պետք է ընդունի նաև այդ ԱԺ ցանկացած այլ ընտրություն։

բ) Սահմանադրական դատարանի գործող անդամների նկատմամբ ցանկացած հոգեբանական ճնշում ևս անթույլատրելի է։ Այս մարդիկ հավաքական ներկայացնում երկրի կարևորագույն պետական մարմիններից մեկը, որի կարևորությունը էլ ավելի է բարձրանում ժողովրդավարական հասարակությունում, և իշխանության այլ մարմինները, ներառյալ գործադիր իշխանության ղեկավարը, չպետք է փորձի նրանց վրա ճնշման միջոցով ազդել ՍԴ անդամների պաշտոնավարման կամ ընդունած որոշումների վրա՝ այլապես մենք վերադառնում ենք նախորդ իշխանության ժամանակներին, և փաստացի մի անձի իշխանական մենաշնորհը փոխարինում ենք մեկ այլ անձի իշխանական մենաշնորհով՝ մնալով նույն արատավոր, փակ շրջանի մեջ, որի դեմ նույն Փաշինյանը պայքարում էր որպես ընդդիմադիր։

գ) դրանով հանդերձ, վարչապետ Փաշինյանի պնդումը, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ՍԴ դատավորների 12-ամյա պաշտոնավարում, իսկ Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը նախատեսում է նախկինում ընտրված ՍԴ անդամների պաշտոնավարում մինչև 65 տարեկանը (այսինքն փաստացի ավել, եթե անդամը ընտրվելիս 53 տարեկանից երիտասարդ է), դրանով ստեղծելով երկիմաստ իրավիճակ, իմ կարծիքով արդարացի է։ Եթե նպատակը այն է, որ ՍԴ նախկինում ընտրված և ներկայումս ընտրվող անդամները հավասարեցվեն իրենց պաշտոնավարման ժամկետների մեջ, ապա դրա լուծումը ևս գոյություն ունի։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը հանրաքվե չի պահանջում և հնարավոր է իրականացնել ԱԺ ձայների 2/3-ով, և օրինակ, կարելի է ընդունել այս հոդվածի նոր խմբագրություն, որով սահմանվի, որ ՍԴ նախկինում ընտրված անդամների պաշտոնավարման առավելագույն ժամկետը կարող է լինել նոր Սահմանադրության գործողության մտնելուց հետո (2018 թ ապրիլ) 12 տարին, դրանով նրանց «հավասար» դրության մեջ դնելով նոր ընտրվող դատավորների հետ, նմանատիպ կարգավորում կարելի է նախատեսել նաև ՍԴ նախագահի համար, դրանով վերջ տալով առաջացած առերևույթ ճգնաժամին, և շահարկումներին։

Վարչապետ Փաշինյանը, ունենալով ԱԺ սահմանադրական մեծամասնություն, և նաև ծանրակշիռ ազդեցություն ԱԺ փոքրամասնության վրա, կարող է գնալ այս ճանապարհով, և իրավական, սահմնադրական լուծման միջոցով հաղթահարել առաջացած առերևույթ ճգնաժամը։ Հուսով եմ, որ նա կգիտակցի այսպիսի իրավական լուծման առավելությունները, և վիճակը պարբերաբար լարելու փոխարեն, այն կկարգավորի քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհով»:

3195 | 0
Facebook