Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն Է Անդրկովկասում». Սերգեյ Լավրով

15:15, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն Է Անդրկովկասում». Սերգեյ Լավրով

«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն Է Անդրկովկասում։ Նրա հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ։ Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական, միջազգային ասպարեզում համագործակցությունը։ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։ Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,-«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցի, թե ինքը չի՞ կարծում, որ աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանը պարտվում է Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում և թույլ է տալիս իր շուրջն ստեղծել «Ռուսաստանի թշնամիների գոտի» նախկին «եղբայրական ժողովուրդներից», որոնք գումար են վաստակում, միևնույն ժամանակ ռուսաստանցիներին համարում եթե ոչ թշնամի, ապա ոչ բարեկամ:

Ս. Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն անտարբեր չէ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է: Նրանց հետ իրենց կապում է փոխհարաբերությունների երկարատև պատմությունը՝ այդ թվում՝ միասնական պետությունում ապրելը։

«Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հավատացել է, որ եկել է «պատմության վերջը», և նրան այժմ թույլատրվում է կոպիտ կերպով միջամտել այս կամ այն պետությունների գործերին, հրահանգներ տալ ներքաղաքական գործընթացներում։ Ուկրաինան, թերևս, դրա առավել աղաղակող օրինակն է»,-գնահատել է ԱԳՆ ղեկավարը։

Նրա վկայությամբ՝ հետխորհրդային տարածքում ՌԴ օրակարգը կրում է միավորիչ բնույթ և ուղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանն ու ներդաշնակեցմանը, կոլեկտիվ անվտանգությանը և սպառնալիքներին ու մարտահրավերներին միասնաբար արձագանքելու ներուժի ամրապնդմանը:

4821 | 0
Facebook