Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբգար Մուրադյան. ակադեմիական երաժիշտ, որ կլարնետի հնչողությունը բարձրացրեց ավելի բարձր մակարդակի

22:15, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Աբգար Մուրադյան. ակադեմիական երաժիշտ, որ կլարնետի հնչողությունը բարձրացրեց ավելի բարձր մակարդակի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրել էր հիշատակի համերգ՝ նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի 75-ամյակին։

Աբգար Մուրադյանն իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը։ Տասնամյակներ առաջ հեռուստատեսության և ռադիոոյի նվագախմբի հիմնադրման առիթով հայտարարված մրցույթում մեծանուն Օհան Դուրյանը, լսելով դեռևս առաջին կուրսում սովորող Աբգար Մուրադյանի կատարումը, ասաց՝ առաջին կլարնետ։ Եվ այդպես, որպես առաջինը նա ապրեց ու ստեղծագործեց ամբողջ կյանքում։

ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը նշում է, որ Աբգար Մուրադյանը մեր լավագույն կլարնետահարներից է։ Անցել է փայլուն դպրոց, ելույթ է ունեցել նվագախմբերի, անսամբլների կազմում, մենահամերգներով։

«Շատերից տարբերվում էր բարձր կուլտուրայով, ուներ բարձր տեխնիկական հնարավորություններ, իր ամբողջ էությամբ երաժշտության մարդ էր»,- ասում է Էդուարդ Թադևոսյանը։

Աբգար Մուրադյանի որդին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նկատում է, որ մարդ ապրում է այնքան, որքան ապրում են իր ստեղծագործությունները, իր ելույթները։ «Համերգի ընթացքում տեղ գտած կատարումները մեզ կհիշեցնեն իր գործի մեծ վարպետին՝ Աբգար Մուրադյանին, որը կարողացավ մեր արվեստը ներկայացնել աշխարհում, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նվագել համաշխարհային դասականների հետ մեկտեղ»,- ասում է Արմեն Մուրադյանը։

Աբգար Մուրդյանի հիշատակին նվիրված երեկոյին ներկա էին մեծ երաժշտի ընկերները, հարազատները, աշակերտները, երաժշտասերներ։ Համերգային ծրագրում հնչեցին Յոհաննես Բրամսի, Շառլ-Մարի Վիդորի, Պակո դի Ռիվերայի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։

3771 | 0
Facebook