Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապատեղեկատվություն». ոստիկանության պատասխանը՝ Թեհմինա Վարդանյանի հրապարակմանը

18:10, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
«Ապատեղեկատվություն». ոստիկանության պատասխանը՝ Թեհմինա Վարդանյանի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի հրապարակմանը.

«Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը իր էջում կրկին հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է`
     չհրապարակելով բնակարանի հասցեն, դրա սեփականատիրոջ, ինչպես նաև այնտեղ առանց օրինական հիմքերի գտնվող անձանց անձնական տվյալները, հարկ ենք համարում պարզաբանել ոստիկանների գործողությունների վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ, առաջին հերթին՝ իրավական հարթությունում և գործի փաստական հանգամանքների հետ աղերս չունեցող ապատեղեկատվությունը:
     Կոնկրետ դեպքում, ղեկավարվելով գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝​ ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման պահանջներով, ոստիկանության ծառայողները, անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումի, այնուհետև՝ սահմանված կարգով տրված լիազորագրի համաձայն պարզել են գույքի տարածքում անձանց բնակության օրինական հիմքերի բացակայությունը և տրամադրել ողջամիտ ժամկետ ներխուժումը կամովին վերացնելու համար, մինչդեռ վերջիններս փաստացի չեն կատարել ոստիկանության օրինական պահանջները և հրաժարվել են ազատել գույքի տարածքը:

Ի դեպ, նշված գործողությունների ընթացքը սահմանված կարգով փաստաթղթավորվել է, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողների վարչարարության իրավաչափությունը ստուգվել է վերադասության կարգով ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե վտարում կարող էր արվել միայն դատարանի վճռի հիման վրա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, ապա պարզաբանում ենք, որ դատական կարգով վտարումը և ներխուժման վերացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված երկու ինքնուրույն և միմյանց չբացառող իրավական ռեժիմներ (իրավական գործիքներ) են, որոնց ընտրությունը օրենսդրությամբ վերապահված է գույքի օրինական տիրապետողին: Առաջին դեպքում խոսքը գնում է հայցային վարույթի կարգով դատարան ներկայացվող վտարման պահանջի, իսկ երկրորդ դեպքում՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանն ուղղակիորեն (արտադատական կարգով) լիազորելու գույքի օրինական տիրապետողի իրավունքի մասին:
     Հաստատապես հորդորում ենք զերծ մնալ ոստիկանության գործողություններին իրավական դաշտում անհիմն և հուզական գնահատականներ տալուց, և վերջնական եզրահանգումներ կատարել միայն ոլորտի օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:

8755 | 0
Facebook